Դերասան Անդրանիկ Ղազարյանը, ով հանրությանը հայտնի է «Փրկարարաներ», «Հարազատ թշնամի» սերիալներից, ամռան վերջին անակնկալ զորակոչվեց բանակ: Դերասանը ծառայում է Մեղրիի զորամասում:

 

ESem.am-ի հետ զրույցում նա ասաց, որ այսօր՝ Հայոց բանակի 23-րդ տարեդարձի կապակցությամբ հետաքրքիր օր են ունեցել: «Մենք տոնը նշեցինք մեր զորամասում՝ հրամանատարի հետ: Շատ լավ անցավ, դպրոցից երեխաներ էին եկել, համերգ տվեցին, ուրախացրեցին: Դեռ հետաքքրքիր է անցնում»,- ասաց նա:

 

Դերասանը խոստովանեց, որ այս ամիսների ընթացքում շատ բան է փոխվել: «Առհասարակ՝ ծառայությունը շատ բան է փոխում երիտասարդ տղաների կյանքում: Ապրում ես մենակ՝ ամեն ինչից կտրված, ինքդ քո գլխի տերն ես, ամեն փորձանքի մեջ միայնակ ես ընկնում, միայնակ դուրս գալիս… Կայանում ես»,- ասաց Անդրանիկն ու հավելեց, որ ամենամեծ բարդությունը, որը ստիպված է եղել հաղթահարել, կարոտն է:

 

 

Անդրանիկն անսպասելի գնաց բանակ, նա ESem.am-ին պատմել էր, որ զորակոչվելուց ընդամենը մեկ օր առաջ է տեղեկագիր ստացել, որ հաջորդ օրը գնալու է բանակ, սակայն դերասանի խոսքով՝ իր համար դա սթրեսային չէր: «Անակնկալի եկա, բայց ես այն տարիքում եմ, որ կարողանում եմ ամեն բան ռեալ դատել: Մեկ օրում տրամադրվեցի ու եկա բանակ»,- վստահեցրեց զինծառայողը:

 

22-ամյա դերասանն անդրադառնալով ծառայակիցների հետ տարիքային տարբերությանը՝ ասաց, որ կան 25-26 տարեկան մարդիկ, ովքեր շատ բան ունեն սովորելու 18 տարեկաններից, սակայն մտածելակերպերի տարբերութուն, այնուամենայնիվ, կա: «Ամեն դեպքում ժամանակի ընթացքում ամեն բան հարթվում է»,- ավելացրեց նա:

 

 

Անդրանիկը նշեց, որ բանակում ձեռք բերված ընկերներն իսկապես կյանքի ընկերներ են դառնում, քանի որ  փորձված են. բանակում ամեն բան ընկերոջդ հետ ես անում և լիարժեք ճանաչում նրան:

 

Ինչ վերաբեևրում է սահմանին տիրող լարվածությանը՝ Անդրանիկն ասաց. «Դա մեզ վրա ազդում է այնքանով, որ ավելի  մեծ համարձակություն ու պայքարելու ցանկություն է տալիս»:

 

Զրույցի վերջում դերասանը բարի ծառայություն մաղթեց բոլորին: «Շնորհավորում եմ բոլոր զինվորներին՝ շարքայինից նախարար և Հայոց բանակին մաղթում նորանոր բարձունքներ: Թող խաղաղություն լինի»,- եզրափակեց նա:


Փա՜ռք ու պատիվ մեր զինվորներին. Ամալյա Հովհաննիսյան