Հայոց բանակի 23-րդ տարեդարձի կապակցությամբ ESem.am-ը շարունակում է ներկայացնել ծառայած հայտնիներին: Դերասան Ստեփան Ղամբարյանը բանակ է զորակոչվել 2003 թվականին՝ Թատերական ինստիտուտն ավարտելուց հետո:

 

«Ծառայությունն ինձ շատ բան է տվել. չնայած ես սովոր էի ինքնուրույն լինել, ծառայությունն ինձ ավելի կոփեց ու ավելի ինքնավստահ դարձա: Ես ափսոսում եմ, որ դիրքերում չեմ եղել, սակայն մենք էլ երկրորդ էշելոնում ենք եղել»,- ESem.am-ին ասաց դերասանն ու հավելեց, որ ծառայել է նախ՝ Հոկտեմբերյանում, ապա՝ Գորիսում:

 

«Համամիտ եմ, որ տղան բանակում է տղա դառնում, քանի որ մինչև 18 տարեկանը,  ավելի հեշտ, թեթև տարիներ են, իսկ բանակում նա ավելի լուրջ խնդիրների առաջ է կանգնում, քանի որ պետք է ինքնուրույն պատասխանատու լինի ամեն ինչի համար: Եթե նախկինում եղբայրը, հայրը, մայրը կարող էին օգնել խուսափել պատասխանատվությունից, բանակում արդեն միայն ինքն է»,- ասաց նա:

 

 

Ստեփանը նշեց, որ այժմ ծառայում է 90-ականների սերունդը, որը մեծ դժվարություններ է տեսել և նրանց հետ պետք է հոգեբաններ էլ աշխատեն: «Յուրաքանչյուրին պետք է անհատական մոտեցում ցուցաբերվի: Ծառայությունից առաջ հոգեբանները պետք է խոսեն նորակոչիկի հետ, նախապատրաստեն նրան, հասկանան՝ արդյոք նա պատրաստ է պահել սահմանը, զենք  վերցնել ու կրակել թշնամու վրա, որովհետև դա իրականում այդքան  հեշտ բան չէ 18 տարեկան տղայի համար»,- նշեց դերասանը՝ կարևորելով, որ մեզանում թշնամություն չեն սեմանում, ինչպես, օրինակ, Ադրբեջանում:

 

Դերասանի կարծիքով` վերջին լարված իրադարձություններից հետո զինծառայողներն ավելի զգոն ու պատրաստակամ են դարձել:

Անդրադառնալով բանակում առկա խնդիրներին՝  Ստեփանն ասաց, որ «ձուկը գլխից է հոտում»: «Ինչո՞ւ պետք է իրար նեղացնեն, ինչո՞ւ պետք է հայը հային սպանի: Դպրոցից սկսած պետք է ճիշտ դաստիարականություն իրականացվի: Որքան էլ իրավիճակն անվերահսկելի լինի, պետք է անհնարինն անել ծայրահեղ քայլերից խուսափելու համար: Ցավոք, մեզանում շատ են մարդիկ, ովքեր փորձում են ինքնահաստատվել մեկ ուրիշի հաշվին՝ լինի զինվոր, սպա, թե հրամանատար: Հենց դա էլ բերում է էսպիսի խնդիրների,- ասաց Ստեփանը՝ նշելով, որ իր ծառայությունը շատ լավ ու հանգիստ է անցել,- 2 տարվա ընթացքում մի անգամ կռիվ չեմ արել: Շատ ուրախ եմ, որ հենց այդ տարիներին եմ ծառայել, քանի որ չգիտեմ՝ ինձ ինչպես կպահեի հիմա: Գուցե եթե տեսնեի, որ այդքան մեծ անարդարություն է, ինքս ինձ չտիրապետեի»:

 

 

Ըստ դերասանի՝ իր զորամասում հեշտ ծառայելը պայմանավորված էր և՛ հրամանատարով, և՛ հավաքված զինվորներով, որոնց զգալի մասն ավարտել էր ԲՈՒՀ-ն ու ավելի հասուն էր:

 

Ստեփանը կարևորեց նաև տարվող դիվանագիտությունը, որը կաղում է: «Եթե մենք այս  տեմպերով շարունակենք, կհայնվենք որևէ երկրի տիրապետության տակ: Ի վերջո, պատերազմի դեպքում բոլորն էլ կգնան կռիվ՝ պահելու մեր երկիրը, սակայն պետք է ճիշտ դիվանագիտություն մշակել, որպեսզի շահեկան վիճակում հայտնվենք»,- ասաց դերասանը՝ հավելելով, որ պետք է տոկուն, մարտունակ լինենք, և ավելի շատ սիրենք իրար, քանի որ  դա կփրկի մեզ:

«Ամենամեծ ցանկությունս՝ խաղաղությունն է»,- եզրափակեց  Ստեփանը:

 

 


Փա՜ռք ու պատիվ մեր զինվորներին. Ամալյա Հովհաննիսյան