Այսօր Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձն է: Այս կապակցությամբ զրուցել ենք դերասան Կարո Հովհաննիսյանի հետ, ով 2014-ի ամռանն է զորացրվել: Դերասանի խոսքով՝ թեև ինքը ծառայել է Երևանում, ինքն էլ, իր ծառայակից ընկերներն էլ պատրաստակամ են եղել պահելու մեր երկրի սահմանները:
«Էական չէ, որ մենք Երևանում ենք ծառայել, մենք նույն զինվորն ենք և յուրաքանչյուր պահի կարող ենք գնալ, կանգնել Արցախում ծառայող զինվորի կողքին, դա մեր պարտականությունն է»,- ESem.am-ին ասաց դերասանը:
Կարոն խոստովանեց, որ բանակ զորակոչվելու սկզբնական փուլում իրարամերժ զգացողություններ ուներ: «»Երբ գնացի բանակ, սկզբանական շրջանում ինձ համար էլ էր անսովոր, բողոքում էի, թե ինչու եմ եկել բանակ, շատ գործեր ունեի, որոնք կիսատ թողեցի… բայց այդ 2 տարվա ընթացքում շատ բան սովորեցի: Չեմ կարծում, որ տղան բանակում է տղա դառնում, սակայն բանակում շատ բան ես հասկանում կյանքի դրվածքի մասին, շատ մարդկանց ես ճանաչում, որոնցից յուրաքանչյուրն իր աշխարհայացքը, բնավորությունն ունի, իսկ դու նրանց հետ ապրում ես:
Կյանքի շատ մեծ փորձ է: Որպես մարդ՝ պնդանում ես, կայանում,- ասաց դերասանը՝ նշելով, որ բանակում ձեռք բերած ընկերներն իսկապես կյանքի ընկերներ են: «Բանակի ընկերները մեկ օրվա ընկերներ չեն: 2 տարին մի ամբողջ կյանք է, քանի որ ամեն օրն իրար հետ ենք անցկացնում»,- հավելեց Կարոն:
Նրա խոսքով՝ բանակում ամրապնդվում է սերդ հայրենիքիդ հանդեպ, ինչն այս պահին շատ կարևոր է: «Մեր հայրենիքը հիմա կարիք ունի էնպիսի երիտասարդների, ովքեր իրոք սիրում են հայրենիքը: Այդ առումով բանակը շատ ճիշտ տեղ է, եթե ամեն ինչ ճիշտ է ղեկավարվում, իսկ Հայոց բանակում շատ բան է փոխվել դեպի լավը: Հայոց բանակն իրոք մի ընտանիք է,- շեշտեց Կարոն՝ նշելով, որ իր տեսածն է ասում,- Իհարկե, բոլոր ընտանիքներում էլ լինում են դժվարություններ, տարաձայնություններ, բայց կարևորն այն է, որ համակարգը մի նպատակի է ծառայում՝ հայրենիքին: Դա բանակում ես հասկանում»:
Դերասանը նշեց, որ բադություները, որոնք հաղթահարել է բանակում կապված են եղել հոգեբանական վիճակի հետ. «Կարծում եմ՝ եթե չծառայեի, կյանքում էլ կհայտնվեի նման իրավիճակներում, ուղղակի բանակում դա մի փոքր ավելի դժվար է անցնում, քանի որ 4 պատի մեջ ես»:
Անդրադառնալով այժմ սահմանին տիրող լարված իրավիճակին՝ դերասանն ասաց, որ մեր զինվորները պետք է ուժեղ լինեն: «Վաղը մարդկային է և բոլորի մոտ էլ լինում է այդ զգացողությունը, սակայն կարևորն այն է, որ դա հաղթահարելու միջոց գտնես: Թող տղաները դա հաղթահարեն՝ իմանալով, որ իրենց մեջքին իրենց պես տղերք են կանգնած՝ պատրաստ յուրաքանչյուր պահի կանգնելու իրենց կողքին»,- շեշտեց Կարոն:
Փա՜ռք ու պատիվ մեր զինվորներին. Ամալյա Հովհաննիսյան