Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված նոր՝ «1915» ֆիլմն այս տարվա գարնանը կներկայացվի հանրությանը: Հոգեբանական թրիլերի ռեժիսորներն ու սցենարի հեղինակներն են Կարին Հովհաննիսյանը և Ալեք Մուհիբյանը, իսկ ամերիկահայ ռոք երգիչ, երգահան, հայտնի «System of a Down» ալտերնատիվ մետալ-ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը երաժշտություն է գրել կինոնկարի համար:


 

 

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ֆիլմի պաշտոնական՝ 1915themovie.com կայքը տեղեկացնում է, որ «1915»    հոգեբանական թրիլերը ներկայացնում է ժամանակակից պատմության ամենասոսկալի իրադարձությունները: Ֆիլմը հետևում է մի մարդու վիճելի առաքելությանը, ով ցանկություն ունի կյանք վերադարձնել մոռացված ցեղասպանության ուրվականներին:

 

 

 

«Մեկ դար անց՝ 2015 թվականի ապրիլին, միլիոնավոր հայեր կհիշեն այն, ինչ կոչվում է Հայոց ցեղասպանություն՝ ժամանակակից պատմության առաջին ցեղասպանությունը և հաջորդ ՝ Հոլոքոստի, Ռուանդայի, Կամբոջիայի, Սուդանի ցեղասպանությունների ծրագիրը: Այս ֆիլմը հիշողության մասին է՝ ինչ է պատահում, երբ անցյալը մերժվում է, ինչ է պատահում, երբ դրան ընդդիմանում են: Քանի որ մենք մոտենում ենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, «1915» ֆիլմը կոչ է անում մեզնից յուրաքանչյուրին դադարեցնել ժխտողականությունը և խիզախությամբ հանդիպել անցյալի ուրվականներ ին»,-նշված է ֆիլմի կայքում:

 

Imdb.com կայքն էլ տեղեկացնում է, որ ֆիլմի պրեմիերան տեղի կունենա ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում՝ 2015 թվականի ապրիլի 24-ին: Ֆիլմի գլխավոր դերերում հանդես են գալիս դերասաններ Սիմոն Աբգարյանը (կերպարը՝ Սիմոն), Սեմ Փեյջը (Ջեյմս) և Անժելա Սարաֆյանը (Անժելա): Հայազգի դերասանուհի Անժելա Սարաֆյանը հայտնի է հատկապես «Մթնշաղ. Սագա. Լուսաբաց», «Պարանոյա», «Ներգաղթյալ» ֆիլմերից: Դերասան Սիմոն Աբգարյանն էլ ճանաչված է «Արարատ», «Կազինո Ռոյալ», «Սպին» կինոնկարներից:

 

Այլ դերերում հանդես են գալիս Ջիվ Փիդոքը (Ջեֆրի), Քորթնի Հալվերսոնը (Լաքի), Դեբրա Քրիսթոֆերսոնը (Լիլիան), Նիկոլայ Կինսկին (Թոնի), Մայլս Քրանդորդը (Ռեյ) և այլք:

 

«Գրեմմի» մրցանակի դափնեկիր Սերժ Թանկյանը վերջերս Rolling Stone-ին ասել է, որ ֆիլմը շատ հետաքրքիր դրամա է: «Այն նկարահանվել է Լոս Անջելեսում՝ Լոս Անջելես թատրոնում, որը շատ հին և ականավոր թատրոն է: Այն իսկապես շատ, շատ հետաքրքիր թրիլեր է, ժամանակակից պատմություն: Ֆիլմն առնչվում է ժխտողականոության և ցեղասպանության հոգեբանական հետևանքների հետ»,- ասել է Թանկյանը:

 

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավելի հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ. ժամանակահատվածում, իսկ մնացածները կամ բռնի մահմեդականացվեցին, կամ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում: 1915թ. ապրիլի 24-ին սկիզբ առած ձերբակալություններով (հիմնականում` Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում) եւ դրան հետեւած հարյուրավոր հայ մտավորականների ոչնչացումով սկսվեց հայ բնակչության բնաջնջման առաջին փուլը: Հետագայում աշխարհասփյուռ հայերը ապրիլի 24-ը սկսեցին նշել որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: