Ջո Կոկեր... բրիտանացի բլյուզ, ռոք և ջազ երգիչը շատերիս կուռքն էր: Ցավոք, այսուհետև նրա մասին էլ պետք է անցյալ ժամանակով խոսենք: Լեգենդար Կոկերն այսօր մահացել է ԱՄՆ Կոլորադո նահանգում: 70-ամյա երգչի մահվան պատճառ է դարձել քաղցկեղը:

 

 

Այս մասին հայտնում է BBC News-ը՝ նշելով, որ երգչի մահվան լուրը հաստատել է նրա գործակալը՝ Բարրի Մարշալը: Վերջինս նշել է, որ Կոկերն ունիկալ էր և նրա տեղը ոչ ոք չի կարող լրացնել: «Չափազանց տաղանդավոր, միևնույն ժամանակ՝ բարի ու համես մարդ, ով շատ էր սիրում բեմը: Կենդանության օրոք նրան երբևէ տեսած մարդն այլևս չի կարողանա մոռանալ նրան»,- երգչի գործակալն այսպես է բնութագրել լեգենդար Կոկերին:

 

 

Ջո Կոկերն իր կարիերան սկսել է 1960-ական թվականներից և այս ընթացքում թողարկել է 40 ալբոմ: Նա ներկայացրել է  մի շարք ստեղծագործություններ, որոնք ոչ միայն իր ժամանակի հիթ են դարձել, այլև ապրում են ու դեռ երկար կապրեն:

 

                                                                                                                                                         Ամալյա Հովհաննիսյան