“Համազգային” թատրոնի դերասան Ստեփան Ղամբարյանը հունվարի 20-ին տեղի ունեցած ավտովթարից հետո այսօր դուրս է գրվել հիվանդանոցից ու շտապել “Եղբայրներ” սերիալի նկարահանման հրապարակ. այս մասին BRAVO.am-ին տեղեկացրել է Անի Ամիրյանը:
“Սերիալն ավարտվում է, վերջին նկարահանումներն են մնացել: Նոր առաջարկ դեռ չունի, ավտովթարից հետո մի քիչ կհանգստանա, բայց նոր դերերի դեպքում կրկին կնկարահանվի. առաջին հերթին իր մասնագիտությունն է, երկրորդն էլ' սիրով է իր գործն անում”, -հայտնել է դերասանի կինը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, զույգն ավտովթարից օրեր առաջ է վերադարձել ձմեռային ճամփորդությունից: Հունվարի 5-ից 15-ը նրանք անցկացրել են Եվրոպայում' շրջելով Պրահայում ու Բարսելոնում, իսկ մեկնելու գլխավոր առիթը եղել է Ստեփանի 30-ամյակը. “Հունվարի 7-ին շատ մտերմիկ միջավայրում նշեցինք ծննդյան տարեդարձը: Բոլոր մատուցողները մոմերով ու երգելով մտան ներս եւ երգեցին “Happy Birthday”… Շատ հետաքրքիր տոն ստացվեց:)”:
“Ստյոպն ավելի շատ ուզում էր տաք երկիր գնալ, բայց հարսանիքից հետո ձմռանն արդեն մեկ անգամ եղել էինք տաք երկրում, այս անգամ որոշեցինք ցուրտ եղանակին մեկնել Եվրոպա: Քանի որ դեպի Բարսելոն մեր երթուղին անցնում էր Չեխիայով, զբոսաշրջային ընկերության մեր մտերիմ աշխատակիցը խորհուրդ տվեց երեք օր էլ անցկացնել Պրահայում, իսկ աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկը տեսնելու առիթը չէինք կարող բաց թողնել:)”,-պատմել է Անին:
Զույգը հիացել է Պրահայի գոթական ոճով եւ Բարսելոնի' Գաուդիի հեղինակած ճարտարապետական կոթողներով. “Շշմելու բան է, բառերով չես նկարագրի: Պետք է կանգնել ահռելի շենքերի առջեւ ու հիանալ ճարտարապետության շքեղ ու ճաշակով նմուշներով”:
Ի դեպ, ամուսնական այս զույգը Բարսելոնի կենտրոնական փողոցներից մեկում պատահաբար հանդիպել է այնտեղ բնակվող հայերի, որոնք, Ստեփանին ճանաչելով սերիալային կերպարից, նրանց հրավիրել են ընթրիքի:):
Ստեփանին եւ Անիին տպավորել են նաեւ այս քաղաքի Սագրադա Ֆամիլիա տաճարը, իսպանացի նկարիչներ Սալվադոր Դալիի, Պաբլո Պիկասոյի թանգարանները. “Լինել Իսպանիայում ու չայցելել հայտնի ու շատ հետաքրքիր այս վայրերը, մեծ բան բաց կթողնես: Ժամանակի սղության պատճառով չեղանք դիտարժան բոլոր վայրերում, բայց զբոսաշրջային ավտոբուսներով երկու քաղաքում էլ շրջել ենք: Հյուրերի համար ամեն ինչ լավ հաշվարկված է, որ սիրես ու լավ տպավորությամբ վերադառնաս քո երկիր”:
Անի Ամիրյանը' դասախոս եւ դերասանուհի :)
Նախկին երգչուհին կարծում է' այժմ ավելի հայտնի է որպես Ստեփան Ղամբարյանի կին: Անին երգարվեստ վերադառնալու մտադրություն չունի, այժմ Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում դասավանդում է “Դերասանի վարպետություն” առարկան. “Հենց այս համալսարանի ռեժիսուրայի բաժինն եմ ավարտել: Հինգ տարվա ընթացքում նույնչափ խորացված սովորել ենք նաեւ դերասանի վարպետություն: Դեռ համալսարանական տարիներից աչքի եմ ընկել որպես դերասանուհի, խաղացել եմ համակուրսեցիներիս դիպլոմային աշխատանք համարվող ներկայացումներում, իմ տեսակով ռեժիսոր չեմ”,-նշել է նա' ավելացնելով, որ միգուցե նորից վերադառնա բեմ, եթե համապատասխան առաջարկներ ստանա: