Լեհաստանի Կոտովիցա քաղաքի NOSPR համերգասրահում դեկտեմբերի 21-ին Լեհաստանի ազգային ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՊԵՆ Հասարակայնության հետ կապերի բաժնից, երեկոյի ընթացքում կհնչեն Էրիխ Վոլֆգանգ Կորնգոլդի «Ռոբին Հուդի արկածները» սյուիտը (Erich Wolfgang Korngold – The Adventures of Robin Hood Suite), Սամուել Բարբերի Ջութակի կոնցերտը (Samuel Barber – Violin Concerto) և Ջորջ Գերշվինի «Ամերիկացին Փարիզում» (George Gershwin – An American in Paris) ստեղծագործությունները։ Որպես մենակատար հանդես կգա ջութակահար Պյոտր Տարչոլիկը։ Համերգը ձայնագրվելու է Լեհաստանի հանրային ռադիոյի համար և հեռարձակվելու է ռադիոյով։
NOSPR-ն այս պահին Եվրոպայի ամենանոր համերգասրահն է, և համերգի տոմսերը վաղուց արդեն սպառվել են։