«Իմ փոքրիկ փեսացուն» ֆիլմի շունիկի մասին ESem.am-ի ընթերցողները տեղյակ են: Այս շունն իր տեղն ու դերը չէր ունենա ֆիլմում, եթե հերոսներից մեկը՝ Անդոն, չգերասդասեր շուն դառնալ, քան երեխա:) ESem.am-ի զրուցակիցը Անդոյին մարմնավորող դերասան Արթուր Պետրոսյանն է, ում կարծիքով՝ շունիկը ֆիլմի առաջնային կերպարներից մեկն է, թեև այս «Իմ փոքրիկ փեսացուն» առանձնանում է նրանով, որ չունի գլխավոր և երկրորդական կերպարներ:
«Խաղ իմ կանոններով» ֆիմում համասեռամոլի մարմնավորած Արթուրն այս անգամ ներկայանում է փնթփնթանի կերպարով: «Յուրաքանչյուր կերպար, որ ինձ բաժին է հասնում, փորձում եմ յուրովի ներկայացնել. իր մեջ հարազատ մի բան գտնել ու ներկայացնել այնպես, ինչպես ես եմ զգում: Այս կերպարն ինձ համար շատ հետաքրքիր էր, քանի որ կարողացել էի շանը տալ բնավորություն և նրան համահունչ «տանիրովկա» (հնչյունավորում, հեղ.) անել»,- ընդգծեց նա:
Դերասանի խոսքով՝ նկարահանման հրապարակում շատ դեպքերում իրենք էին հարմարվում շան հետ, քանի որ վերջինը վարժեցված չէր: «Ամենաբարդն այն էր, որ նա պարսիկների շուն էր և հայերեն հրահանգներ չէր հասկանում, պետք է պարսկերեն խոսեինք հետը:)»,- ասաց Արթուրն ու նշեց, որ նկարահանման ընթացքում հասցրել են շունիկին հայերերն սովորեցնել:)
Արթուրի հավաստմամբ՝ ֆիլմում նկարահանվելու համար շունը հատուկ քասթինգ է անցել և իր յուրահատուկ շարժուձևով է գրավել իրենց, իսկ նկարահանման ընթացքում բոլորից շատ իր հետ էր շփվում. «Ոչ ոքի չէր լսում, միայն ինձ հետ էր կապվել, հյուրանոցում կողքիս էր քնում:)»:
Ըստ դերասանի՝ ֆիլմի հասցեատերերը միայն երեխաները չեն, թեև որպես գործող հերոսներ ֆիլմում ավելի շատ ներկայանում են հենց երեխաները: «Ֆիլմը բոլոր տարիքային խմբերի համար է, քանի որ ընտանեկան կատակերգություն է»,- նկատեց Արթուրը և ավելացրեց, որ հունվարին «Իմ փոքրիկ փեսացուն» կցուցադրվի ԱՄՆ-ում: Հնարավոր է՝ առաջիկայում այն ցուցադրվի նաև Ռուսաստանում, իսկ հեռուստատեսությամբ և համացանցով կինոնկարն առայժմ հասանելի չի լինի, այնպես որ, ֆիլմը դիտելու համար պետք է շտապեք կինոթատրոններ:)
Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը