Թուրքիայում լույս է ընծայվել Բաթման շրջանի Սասուն գավառում ծնված Ադնան Արսլանի հեղինակած վեպը հայերի մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական batmancagdas.com կայքը, հեղինակը գիրքն անվանել է «Ընկուզենի»:
«Այն գյուղը, որտեղ ծնվել-մեծացել էի, հայկական բնակավայր էր: Ինձ ծանոթ 96-ամյա հայ Սուլեյմանի պատմություններն ինձ վրա մեծ ազդեցություն գործեցին և այս վեպը գրելու պատճառ դարձան»,- նշել է Արսլանը: Գրքի շնորհանդեսի ժամանակ պատմելով իր ստեղծագործության մասին` նա ասել է, որ իր նպատակն է եղել գրել հայ ժողովրդի, մասնավորապես, կանանց և երեխաների ապրած մեծ ողբերգության մասին, որպեսզի այն չմոռացվի և դրա մասին պատմությունը փոխանցվի գալիք սերունդներին: Խոսելով վեպի վերնագրի մասին` Արսլանը նշել է, որ ընկուզենին անցյալի ցավերի և երազներ ի կենդանի վկան է եղել: