«Տերտերյան-ֆեստ» հայ կոմպոզիտորական արվեստի հինգերորդ փառատոնի շրջանակներում, որն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարությունը և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը դեկտեմբերի 8-ին օպերային թատրոնում կներկայացնեն կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի «Երկրաշարժ» օպերան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ներկայացումը նվիրվում է 1988 թ. երկրաշարժի զոհերի հիշատակին:
«Երկրաշարժ» երկու գործողությամբ օպերան գրվել է 1984թ.` գերմանացի գրող Հենրիխ ֆոն Քլեյսթի պատմվածքի հիման վրա, որը ժամանակին պատվիրել էին Գալե քաղաքի թատրոնը և գերմանական «Edition Peters» հրատարակչությունը: Օպերան 2003-ից չորս սեզոն ներկայացվում էր Մյունխենի օպերային թատրոնում։ Օպերայի բազմաշերտ կառույցին բնորոշ է հոգեբանական գերլարված ընթացքը, իրադարձությունների բնութագրման ոչ ավանդական ձևը, որը հատկապես երգչախմբի մոտ օրատորիալ գծեր է ձեռք բերում:
Օպերայի գործողությունը կատարվում է միջնադարում` 1647թ., և այստեղից էլ ծագում է հոգևոր երաժշտության կարևորությունը: Հեղինակն արտահայտչամիջոցների համակարգում լայնորեն օգտագործել է մարդկային ձայնը՝ շշունջից մինչև ճիչ, ասերգից մինչև հուզական մեղեդի:
Ավետ Տերտերյանի «Երկրաշարժ» օպերան Գերմանիայում արժանացել է Վոլֆ Էբերմանի անվան միջազգային մրցանակի, որը երեք տարին մեկ անգամ շնորհում է Միջազգային թատերական ինստիտուտի երաժշտական կոմիտեն, իսկ օպերայի բեմադրությունը վերջին տարիներին Եվրոպայում լավագույնն է ճանաչվել։ 2008թ. «Երկրաշարժ» օպերայի բեմականացումն իրականացվեց Երևանում՝ դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ և Լևոն Իվանյանի բեմական ձևավորմամբ։
Ավետ Տերտերյանը ծնվել է 1929թ., հայտնի բժիշկ Ռուբեն Տերտերյանի ընտանիքում, որտեղ երաժշտության և թատրոնի պաշտամունք կար։ 1952 թվականին Ավետ Տերտերյանն ընդունվում է Երևանի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայի կոմպոզիտորական բաժին։ 1985 թվականից Տերտերյանը դասախոսում էր կոնսերվատորիայում։ Ավետ Տերտերյանը մահացել է 1994 թվականին։