Մինչ մանուկները նամակ են գրում Ձեմեռ պապին, հատուկ նրանց համար պատրաստվում է հայկական «Անահիտ» լիամետրաժ մուլտֆիլմը: «Այսօր արքա ես, վաղը՝ ո՞վ գիտի» կարգախոսն ունեցող «Անահիտի» պրեմիերան կկայանա դեկտեմբերի 27-ին:

 

 

«Շարմ» ընկերությունից ESem.am-ին հայտնեցին, որ մուլտֆիլմը ստեղծվել է ավանդական անիմացիոն տեխնոլոգիայով՝ օգտագործելով համակարգչային 3D գրաֆիկա: Հեքիաթի հիմնական լեյտմոտիվը մուլտֆիլմում պահպանվել է. համբերատար ու բանիմաց գեղեցկուհի Անահիտը Վաչագան թագավորին սովորեցնում է գնահատել արհեստը, ի վերջո, արքան ոչ միայն այն մարդն է, ով թագավորում է, այլև նա, ով գիտի արարել ու կառուցել. նաև՝ սիրել:

 

 

Մուլտֆիլմը համապատասխանում է «Դիսնեյ»-ի չափանիշներին: Երևանյան պրեմիերայից հետո «Անահիտը» կցուցադրվի միջազգային հեղինակավոր փառատոններում:

Մուլտֆիլմի ռեժիսորներն են՝ Դավիթ Սահակյանցը և Լյուլյա Սահակյանցը, պրոդյուսերները՝ Կարեն Ղազարյանը, Հայկ Սահակյանցը, Դավիթ Սահակյանցը: Սցենարը մշակել են Նաիրա Սահակյանցը, Լյուլյա Սահակյանցը, Դավիթ Սահակյանցը, երկխոսությունները՝ Վահրամ Սահակյանը և Լևոն Գալստյանը, բեմադրող նկարիչն Էռնեստ Մուրադյանն է, կոմպոզիտորները՝ Արմեն Մարտիրոսյանը և Վարդան Զադոյանը:

 

 

Հերոսներին հնչյունավորել են Նազենի Հովհաննիսյանը, Խորեն Լևոնյանը, Մկրտիչ Արզումանյանը, Հրանտ Թոխատյանը, Ռաֆայել Քոթանջյանը, Շուշան Պետրոսյանը, Դավիթ Բաբայանը, Վարդան Զադոյանը: Երգերը կատարում են Շուշան Պետրոսյանը, Ինգա Արշակյանը, Տիգրան Պետրոսյանը, Գոռ Սուջյանը, Նիկ Էգիբյանը, Հասմիկ Կարապետյանը, ինչպես նաև «Ակունք» ազգագրական համույթը:

 

 


ESem.am