Նյոնի միջազգային կինոփառատոնում հաջորդ տարի կկազմակերպվի կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Հարություն Խաչատրյանիբոլոր ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը: Այս մասին լրագրողներին դեկտեմբերի 3-ին տեղեկացրեց ինքը`Հ. Խաչատրյանը: Նա նշեց, որ նման ցուցադրությունները շատ կարևոր են ցանկացած ռեժիսորի համար:


«Նյոնի կինոփառատոնն աշխարհի մեծագույն փառատոներից է վավերագրական կինոյի ոլորտում: Այնտեղ այս տարվա ապրիլին անցկացվեց իմ «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմաշարի առաջին ֆիլմի՝ «Հայկ. փախուստ»-ի համաշխարհային պրեմիերան: Ռեժիսորներից շատերը հաջողված ֆիլմեր են նկարահանում, սակայն ռետրոսպիկտիվներ չեն ունենում: Ռետրոսպեկտիվ նշանակում է, որ մարդ ունի հետաքրքիր ծրագիր, որը նորություն է մարդկանց համար: Փաստորեն, 2015-ի ապրիլին այնտեղ կներկայացվեն բոլոր ֆիլմերս: 15-ից ավելի ռետրոսպեկտիվներ եմ ունեցել, բայց այս անգամ իրադարձությունը 60-ամյակիս առթիվ է»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Հարություն Խաչատրյանը:

 

Կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Հարություն Խաչատրյանը ծնվել է 1955թ. Ախալքալաքում: Ավարտել է Երևանի Խ. Աբովյանիանվան հայկական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի կինոյի բաժինը: Նույն թվականից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում` որպես ռեժիսորի և օպերատորի օգնական, երկրորդ ռեժիսոր, բեմադրող ռեժիսոր: Նկարահանել է մի շարք վավերագրական և խաղարկային ֆիլմեր, որոնք արժանացել են միջազգային պարգևների և մրցանակների: Հիմնադրել է Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը:  


2003թ. արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստÕ « կոչման, 2007թ.` Նիդեռլանդների արքայազն Քլաուսի մրցանակին: 2008թ. պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» շքանշանով: 2012թ. արժանացել է «Հայակ» հայկական ամենամյա առաջին կինոմրցանակաբաշխության «Լավագույն ռեժիսոր» մրցանակին, 2013թ.` ՀՀ ժողովրդական արտիստի կոչման: