«Արամ Խաչատրյան» համերգասրահում Արամ Խաչատրյանի անվան 2-րդ միջազգային փառատոնի շրջանակներում նոյեմբերի 27-ին անցկացվել է ականավոր ռուս կոմպոզիտոր Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի 170 և աշխարհահռչակ գործարար և բարերար Գալուստ Գյուլբենկյանի 145-ամյա հոբելյաններին նվիրված համերգ, որին հանդես է եկել երիտասարդ և մեծ ճանաչում ունեցող թավջութակահար Ֆիլիպ Հայըմը (Միացյալ Թագավորություն)։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՊԵՆ մամուլի ծառայությունից, 2012-ին The Strad ամսագրի կողմից համաշխարհային մակարդակի արվեստագետի բոլոր հատկություններով օժտված երաժիշտ համարված Ֆիլիպ Հայըմը Մեծ Բրիտանիայի ներկայիս ամենավառ երիտասարդ թավջութակահարներից է։ 


Ֆիլիպ Հայըմը բարձր մրցանակային տեղեր է զբաղեցրել բազմաթիվ միջազգային հեղինակավոր մրցույթներում, այդ թվում՝ 1-ին մրցանակ Բախի և Լյուտոսլավսկու անվան միջազգային մրցույթներում։ Այժմ Ֆիլիպ Հայըմը նվագում է Կարլո Ջուզեպե Տեստորեի կերտած թավջութակով։

 

Երեկոյի ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կատարել է Արվո Փյարտի «Երգ լարային նվագախմբի և զանգերի համար» ստեղծագործությունը՝ նվիրված Բենջամին Բրիտտենի հիշատակին (հայաստանյան պրեմիերա): Հնչել են նաև Բենջամին Բրիտտենի Սիմֆոնիա թավջութակի և նվագախմբի համար, մենակատար՝ Ֆիլիպ Հայըմ, Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Շեհերազադ» սիմֆոնիկ պոեմ ստեղծագործությունները։ 

 

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշել է, որ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի ընթացքում շատ են ներկայացրել հայաստանյան և համաշխարհային պրեմիերաներ։

 

«Ես և իմ ընկերները հաճախ զարմանում ենք՝ տեղեկանալով, որ հանրահայտ շատ գործեր Հայաստանում չեն կատարվել։ Ինձ թվում է՝ մեծ ձեռքբերում է, որ երիտասարդական նվագախումբն աշխարհում հնչող կարևոր գործեր է ներկայացնում մեր երկրում։ Դա շատ մեծ պրոֆեսիոնալ ձեռքբերում է նաև նվագախմբի համար։ Մեր համերգներն ուղիղ եթերում հեռարձակվում են, և աշխարհի տարբեր ծայրերից մարդիկ տեսնում են, որ Հայաստանում կա միտում՝ կատարել աշխարհում սիրված ու ընդունված ժամանակակից ստեղծագործությունները»,- ասել է Սերգեյ Սմբատյանը՝ ավելացնելով նաև, որ Լոնդոնում սովորելու տարիներին շատ է լսել Ֆիլիպ Հայըմի մասին և ուրախ է, որ նա ներկայանում է հայաստանյան հանդիսատեսին:

 

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի 2014-2015 թթ. համերգաշրջանի սկիզբն ազդարարվեց Արամ Խաչատրյանի անվան միջազգային 2-րդ փառատոնի մեկնարկով: Այն այս տարի ևս իր շուրջն է համախմբում բազմաթիվ անվանի և տաղանադավոր մենակատարների: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նախաձեռնությամբ անցկացվող փառատոնն անցկացվում է սեպտեմբերի 16-ից դեկտեմբերի 4-ը: Այն ներառում է 16 համերգային երեկո: