Երկարատև հիվանդությունից հետո, Ամերիկայի Միացյալ Նահանգներում նոյեմբերի 23-ին վախճանվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ Ֆելիքս Եղիազարյանը:
Գեղանկարիչը ծնվել է 1947 թ. օգոստոսի 16-ին, Երևանում: 1965 թ. ավարտել է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1970 թ.` Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը: 1970 -ից մասնակցել է մի շարք հանրապետական, համամիութենական և միջազգային խմբակային ցուցահանդեսների և բիենալեների` Հայաստանում, Ռուսաստանում, Վրաստանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Պորտուգալիայում, Իտալիայում, Չինաստանում և այլուր:
1981-88 թթ. եղել է Երևանի Կամերային թատրոնի գլխավոր բեմանկարիչը: 1983-ից ունեցել է ավելի քան 20 անհատական ցուցահանդեսներ տարբեր երկրներում։ Ֆելիքս Եղիազարյանը 1974 -ից՝ Հայաստանի նկարիչների միության, 1997-ից՝ Նկարիչների ֆրանսիական ասոցիացիայի անդամ է, եղել է նաև «Հայֆիլմ» կինոստուդիայի բեմադրող-նկարիչ: Նկարչի աշխատանքները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Մոսկվայի Գեղարվեստի ֆոնդում, Արևելքի թանգարանում և մասնավոր հավաքածուներում:
ՀՀ մշակույթի նախարարությունը խորը ցավակցություն է հայտնում անվանի նկարչի մահվան կապակցությամբ: