Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում նոյեմբերի 26-ին տեղի կունենա ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, սիրված դերասանուհի Վիոլետա Գևորգյանի ծննդյան 70-ամյակին նվիրված հոբելյանական երեկո: Երեկոյի ընթացքում դերասանուհին հանդես կգա տարբեր տարիների՝ իր լավագույն դերերով և մենախոսությամբ: Կհնչեն նաև մեծանուն արվեստագետների դրվատանքի խոսքերը դերասանուհու մասին: Սիրված դերասանուհուն կողջունեն բեմական ընկերները, արվեստագետներ և մտավորականներ: Երեկոյի բեմադրիչն է ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը:

 

Վիոլետա Գևորգյանը ծնվել է 1944 թվականի օգոստոսի 5-ին, Երևանում: Հ. Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում խաղացել է ավելի քան 20 դերեր. նրան ճանաչում է բերել Աղունի դերակատարումը Հրանտ Մաթևոսյանի «Աշնան արև» պիեսում. 1980թ. առաջին անգամ բեմադրված այս ներկայացման մեջ դերասանուհին խաղացել է շուրջ 700 անգամ:


Վիոլետա Գևորգյանը նկարահանվել է «Տատիկի թոռնիկը» (1979թ.), «Ապրեք երկար» (1979թ.), «Այդքան սպասվող օրը» (1980թ.), «Վառած լապտեր» (1983թ.) և այլ ֆիլմերում: 1987թ. արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչման: 1991թ. տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ էլ բնակվում է մինչ օրս: