Կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ Վիգեն Չալդրանյանը Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ նոր ֆիլմ է նկարահանում, որը նվիրված է Կոմիտասին: Առաջնորդվելով «Կոմիտասը հայ ժողովրդի խիղճն է» համոզմունքով՝ Չալդրանյանը վստահ է՝ ֆիլմը շ արքային կինոնկար պիտի չլինի: Կինոռեժիսորը հայկական դասական երաժշտության հիմնադրին և մեծ վարդապետին նվիրված ֆիլմի մասին պատմել է «Արմենպրես»-ի թղթակցին:


-Պարոն Չալդրանյան, խնդրում եմ մանրամասներ ներկայացնեք և պատմեք Ձեր նոր ֆիլմի մասին:


-Նախ պետք է ասեմ, որ ֆիլմի մասին չեն պատմում, այն տեսնել է պետք: Կփորձեմ խոսել ֆիլմի կարևորության մասին, իսկ նրա գեղարվեստական որակը և այն, թե ինչպիսին կլինի կինոնկարը, էկրանը պետք է ցույց տա: Կինոյի աշխատողները մի թևավոր խոսք ունեն՝ էկրանը ցույց կտա: Ամեն ինչ պարզ կլինի մոնտաժից հետո: Մի բան կարելի է ասել՝ առանց հանգստյան օրերի աշխատում ենք, եղանակներն են մի քիչ խանգարում. նախորդ տարիների փորձով գիտեինք, որ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսները նպաստավոր պետք է լինեին նկարահանումների համար, բայց այդպես չեղավ:

 

Նկարահանումներ ունեցանք Չինաստանում և Ֆրանսիայում: Չինաստան մեկնել էի մասնակցելու «Մետաքսի ճանապարհ» միջազգային կինոփառատոնին: Անսպասելի էր, որ նման փառատոնին երկու հայկական ֆիլմ մրցանակ ստացան: Նախադեպը չունեցող փառատոն էր, որը չունի ժյուրի դասական իմաստով. ժյուրին հանդիսատեսն է: Մեկ ամիս ֆիլմերը ցուցադրվում են էկրանին, և հանդիսատեսը քվեարկում է լավագույնների համար: Երեք հայկական ֆիլմից երկուսը՝ իմ «Ձայն լռության» ֆիլմը և Ջիվան Ավետիսյանի «Թևանիկը» ստացան «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը՝ մտնելով 20 լավագույն ֆիլմերի մեջ:

 

Շատ հաճելի էր, մենք այն տեղ զուգահեռ նկարահանումներ կատարեցինք Կոմիտասին նվիրված մեր նոր ֆիլմի համար: Եղել ենք նաև Փարիզում. դրա համար շնորհակալ եմ ՀՀ արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի դեսպանությանը Ֆրանսիայում, որովհետև առաջին անգամ նկարահանումներ կատարեցինք Վիլժյուիվ քաղաքի հոգեբուժարանում, որտեղ Կոմիտաս վարդապետն անցկացրել է իր վերջին տարիները: Ֆիլմի համար շատ կարևոր դրվագներ  նկարահանեցինք, բացվեցին արխիվներ , կարողացանք նաև որոշ դրվագներ նկարահանել Կոմիտասի հիվանդության պատմությունից, ինչպես նաև նամակներ: Այցելեցինք այն մասնաշենքը, որ տեղ Կոմիտասն անցկացրել է իր վերջին տարիները: Մի խոսքով՝ շատ հետաքրքիր նկարահանումներ կատարեցաինք: Այս տարիներին, ցավոք, հազարավոր հայտնի մարդիկ են իրենց վերջին հանգրվանը գտել այդ հոգեբուժարանում, սակայն միայն Կոմիտասի կիսանդրին է տեղադրված շենքի բակում :

 

Կարծում եմ, որ ֆիլմի մեծ մասը կնկարահանվի հաջորդ տարվա գարնանը, որովհետև ձմեռային տեսարաններ չունենք, և գարնանը կշարունակենք աշխատել: Ըստ ծրագրի՝ պրեմիերան նշանակված է 2015 թվականի աշնանը՝ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Նկարահանող խումբն աշխատում է մեծ ոգևորությամբ: Կարծես թե բոլորն էլ հասկանում են, որ սա հերթական, շարքային ֆիլմը չէ, ամեն մեկն այս ֆիլմին և Կոմիտասին իր պարտքն է մատուցում իր մասնագիտական շնորհի միջոցով:

 

Այն, ինչ չի կարող անել որևէ դիվանագետ, քաղաքական գործիչ, կարող է անել հրաշալի մշակույթը, որովհետև այն նույնպես «զենք է , որով մենք կարող ենք ներկայանալ աշխարհին: Իհարկե, Սթիվեն Սփիլբերգի «Շինդլերի ցուցակի» նման ֆիլմ հայերը չեն կարող անել, քանի որ նման ֆիլմ ստեղծելու համար վիթխարի գումարներ են անհրաժեշտ, և դրանից զատ մի բան էլ կա՝ ֆիլմն արտադրվել է կինոարտադրության երկրում՝ Հոլիվուդում, մասնագետների խնդիր էլ ունենք:

 

Իմ կադրում լինելու է մարդը՝ առանց համակարգչային քիմիկատային տեխնոլոգիաների: Ես փորձելու եմ հասկանալ, թե ով էր Կոմիտասը և պիտի փորձեմ նրան երևան բերել ֆիլմում՝ որպես հայ ազգի խղճի: Նա իմ ազգի խիղճն է:

 

-Չինաստան, Ֆրանսիա, Հայաստան... Կա՞ն այլ երկրներ, որտեղ ևս նախատեսում եք նկարահանումներ իրականացնել:

-Դեռևս այսքանով ենք սահմանափակվում: Նկարահանումներ ենք կատարել Հայաստանի տարածքում՝ և՛ Երևանում, և՛ Երևանից դուրս, ունենք գաղթի տեսարաններ, անապատային տեղանքներ ենք գտել, մասսայական տեսարաններ ենք նկարահանել: Մի խոսքով՝ այն ամենը, ինչ կապված է Կոմիտասի և տվյալ ժանակահատվածի հետ:

-Պարոն Չալդրանյան , խոսենք ֆիլմի սցենարի և գլխավոր կերպարների մասին: Տարբեր բաներ են խոսում կինոյին մոտ կանգնած մարդիկ: Ի վերջո, ինչպե՞ս եք ներկայացնում Կոմիտասի կերպարը:

-Կոմիտասը կլինի ֆիլմում, սակայն, քանի որ մարդիկ սցենարը չեն կարդացել, անընդհատ շփոթում են: Կոմիտասը չէ գլխավոր գործող անձը, գլխավոր գործող անձը Էդգար Նովենցն է` հայ գրող, ով վեպ է գրում «Վարդապետի լռությունը» վերնագրով, որը և գուցե դառնա իմ ֆիլմի վերնագիրը: Դժվար է ասել՝ վերջնակա՞նը կլինի այս վերնագիրը, քանի որ ես այն, հնարավոր է, փոխեմ:

 

Պրոֆեսոր Էդգար Նովենցը Կոմիտաս վարդապետի մասին վեպի ստեղծման ընթացքում հենվելով պատմական փաստերի, արխիվային նյութերի, հոգեբանական վարկածների վրա՝ փորձում է բացահայտել Կոմիտաս վարդապետի կենսագրության փարիզյան շրջանը, վեր հանել մեկուսարանում մեծ հայորդու կյանքի վերջին տարիների առեղծվածը, գեղարվեստական նրբին ու զուսպ միջոցներով լույս սփռել նրա մեծ լռության վրա: Տեսիլքների միջոցով նա անցնում է նաև Մեծ եղեռնի պատկերների ճանապարհով: Ուրեմն, ֆիլմի գլխավոր գործող անձը հայ գրողԷդգար Նովենցն է, նրա վեպի գլխավոր գործող անձը`Կոմիտասը:

 

-Իսկ գլխավոր դերերում ովքե՞ր են հանդես գալիս, ո՞վ է մարմնավորելու Կոմիտասին:

-Ֆիլմի հերոսին՝ Էդգար Նովենցին մարմնավորում է Համազգային թատրոնի դերասան Վարդան Մկրտչյանը, ով խաղացել է իմ բեմադրած «Համլետ»-ում: Մի նոր անուն կունենանք դերասանական առումով. դա բնորոշ է իմ բոլոր ֆիլմերին: Իսկ թե ով կմարմնավորի Կոմիտասին՝ դեռ հայտնի չէ: Մի քանի տարբերակներ կան: Մտածում եմ կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի թեկնածության մասին, որը դեմքով նման է Կոմիտասին, ինչպես նաև տեր Շահեն քահանայի մասին: Նամակ ենք ուղղել Վեհափառ Հայրապետին, որպեսզի համաձայնություն տա, որ տեր Շահենը խաղա մեր ֆիլմում:

 

Չի բացառվում, որ այլ Կոմիտասներ ի հայտ գան: Շատ մանրակրկիտ ենք ընտրում Կոմիտասի կերպարը մարմնավորող դերասանին, որովհետև Կոմիտասի տարբեր տարիքներ էլ են հայտնվում ֆիլմում: Հնարավոր է, որ մի անհայտ դերասան հայտնվի  ֆիլմում: Բնականաբար, առաջին պահանջն արտաքին նմանությունն է, որովհետև կողմ չեմ նմանությունը դիմահարդարի միջոցով ստանալուն: Չի բացառվում, որ մի քանի Կոմիտասներ լինեն: Հիմա նկարահանում ենք ֆիլմի ժամանակակից մասը:

 

-Մոնտաժը Հայաստանո՞ւմ եք անելու:


-Հուսամ՝ այո: Գումարը շատ քիչ է նման ֆիլմի համար, որովհետև բավական մասշտաբային տեսարաններ կան, այնուամենայնիվ, շնորհակալ եմ ՀՀ կառավարությանը, ազգային կինոկենտրոնին և բոլոր հովանավորներին: Գումարը թեկուզ և քիչ է, բայց կարողանում ենք հնարավորն անել: Խորը երախտագիտություն եմ հայտնում բոլորին:  

 

-Ո՞վ է լինելու կինոնկարի կոմպոզիտորը, ֆիլմի համար երաժշտություն ո՞վ է գրելու:


-Վաչե Շարաֆյանը, մի քանի դրվագում նաև ինքն է նկարահանվել, կարծում եմ, որ նա լավագույնը կանի երաժշտության առումով ՝ որպես կոմպոզիտոր: Երաժշտությունը բացառիկ դեր ունի այս ֆիլմում:

 

Կինոռեժիսոր, պրոդյուսեր,  դերասան, սցենարիստ Վիգեն Չալդրանյանը ծնվել է 1955 թվականին Երևանում: Դպրոցական տարիներից հաճախել է «Հայֆիլմ» կինոստուդիային կից կինոդերասանի ստուդիա, ուր խաղացել է բազմաթիվ դերեր: Սովորել է   Երևանի գեղարվեստաթատերական, այնուհետև Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտներում: «Հայֆիլմ» կինոստուդիայում ստեղծել է բազմաթիվ ֆիլմեր: Հայտնի բեմադրությունների, կինոնկարների հեղինակ է: 2001 թվականին պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալով:


Ռոզա Գրիգորյան