Առաջիկա վեց օրերի ընթացքում Երևանը կլինի աշխարհի թատերական մայրաքաղաք: Այս մասին նոյեմբերի 17-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Թատրոնի միջազգային ինստիտուտի 34-րդ համաշխարհային կոնգրեսի բացմանը նվիրված ասուլիսի ժամանակ ասաց Թատրոնիմիջազգային ինստիտուտի նախագահՌամենդու Մաջումդարը (Բանգլադեշ):


«Նոր ձայներ, նոր հանդիսատես. ժամանակն է երկխոսության» խորագրով կոնգրեսը կընթանա նոյեմբերի 17-22-ը, որին ներկա կլինեն մոտ 300 պատվիրակներ Ասիայից, Եվրոպայից, Լատինական Ամերիկայից, Աֆրիկայից:

 

ՀՀ մշակույթի փոխնախարար ԱրթուրՊողոսյանի խոսքով` Թատրոնի միջազգային ինստիտուտի համաշխարհային կոնգրեսը տեղի է ունենում երկու տարին մեկ անգամ, որտեղ կոնգրեսի 100-ից ավելի անդամ-երկրների ներկայացուցիչները քննարկում են անելիքները; Կոնգրեսը հնադիսանում է կարևորագույն հարթակ թատերարվեստի ոլորտում զարգացումները քննարկելու և նորարարություններ փոխանակելու համար:

 

«Մեզ համար պատիվ է, որ այս տարի այն իրականացվում է Հայաստանում, և Հայաստանը նույնպես զերծ չի մնում աշխարհում թատերարվեստի ոլորտում տեղի ունեցող բոլոր զարգացումներից: Այս օրերին կոնգրեսականները կքննարկեն ոչ միայն կազմակերպչական հարցեր, այլ նաև հնարավոր զարգացումներ, նորարարություններ: Եվ այս ամենը մեզ համար կդառնա քաղաքականության մշակման բաղադրիչ մաս, քանի որ մշակույթի ոլորտում մենք փորձում ենք ներառել միջազգային զարգացումները», - ասաց Արթուր Պողոսյանը:

 

Կոնգրեսի օրերին մասնակիցները քննարկելու են անցած երկու տարվա ընթացքում տարբեր հանձնաժողովների իրականացրած աշխատանքները, այնուհետև քննարկվելու են հաջորդ երկու տարվա աշխատանքային ծրագրերը: Նախատեսվում է նաև միջազգային պարային և թատերական նախագծերի, վարպետության դասընթացների, շնորհանդեսների և այլ տիպի միջոցառումների իրականացում:

 

«Մեր կազմակերպությունն ստեղծվել է 66 տարի առաջ և հետապնդում է աշխարհում խաղաղության հաստատման նպատակ: Այս տարիներին հինգ մայրցամաքներում մենք ստեղծել ենք մոտ 100 կենտրոն, և երկու տարին մեկ իրականացվող համաժողովները կարևոր դեր են խաղում մեր գործունեության մեջ», - ասաց  Ռամենդու Մաջումդարը:

 

Թատրոնի միջազգային ինստիտուտի գլխավոր տնօրեն Թոբիաս Բիանկոնեն Հայաստանում կոնգրեսի անցկացման ընտրության վերաբերյալ ասաց, որ շատ տարբերակներ ունեին կոնգրեսի վայրի ընտրության ժամանակ, որոնցից մեկը նաև Ադրբեջանն էր:

 

«Սակայն մենք ցանկացանք գնալ այնտեղ, որտեղ կա խոսքի ազատություն, և մենք այն երկրում ենք, որտեղ մեզ ասացին, որ կարող ենք ասել ամենը, ինչ ցանկանում ենք: Մենք չգնացինք գումարի հետևից, այլ այնտեղ, որտեղ թատրոնի մեջ սիրտ կա», - ասաց Թոբիաս Բիանկոնեն:

 

Միջազգային թատերական ինստիտուտի ծրագրերը գեղարվեստական, կրթական ու մարդասիրական բնույթ ունեն: Ինստիտուտի նպատակն է խթանել միջազգային գիտելիքի փոխանակումը և թատերական արվեստի պրակտիկան, ինչի շնորհիվ ձգտում է ամրապնդել խաղաղությունը և ժողովուրդների միջև բարեկամությունը, խորացնել մարդկանց փոխըմբռնումը: