Ստամբուլի Սարըյեր թաղամասի Բյույուքդըրը փողոցը վերանվանվել է թուրքահայ դերասան Նուբար Թերզյանի անունով: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Hurriyet Daily պարբերականը, որն իր հերթին հղում է կատարում Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» հայկական պարբերականին: Բյույուքդըրըի Սուրբ Հռիփսիմյանց եկեղեցու գործադիր խորհուրդը անցած տարվանից աշխատանքներ է տանում փողոցը դերասանի անունով վերանվանելու համար, սակայն Ստամբուլի քաղաքապետարանը մերժել էր առաջարկը:
Հիմնադրամի կազմակերպած արշավից և առաջարկում փոփոխություններ կատարելուց հետո նոր միայն քաղաքապետարանը հաստատել էր այն: Հաղորդվում է, որ Սուրբ Հռիփսիմյանց եկեղեցու գործադիր խորհրդի նախագահ Մուրադ Սյումեն շնորհակալություն է հայտնել քաղաքապետին` նշելով, որ փողոցի անվանակոչման պաշտոնական արարողությունը տեղի կունենա մոտակա օրերին: Ստամբուլահայ Նուբար Թերզյանը ծնվել է 1909 թվականին Նուբար Ալյանակ անունով:
Դերասանական գործունեությունը սկսել է 1940 թվականին և 1949 թվականին ստացել է իր առաջին մեծ դերը Հուսեին Ռամի Գյուրփինարի «Էֆսունջու բաբա» (թարգմ.` «Հրաշագործ հայրիկը») ադապտացված ֆիլմում: Նա նկարահանվել է հարյուրավոր ֆիլմեր և հեռուստածրագրերում: Դերասանը մահացել է 1994-ին 84 տարեկանում: