ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո Հայաստանի կոմպոզիտորների միությունը հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 3-ը կազմակերպել էր դասական երաժշտության տոն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Կոմպոզիտորների միությունից, փառատոնը միավորել էր հայ երաժշ տարվեստի առաջատար կոլեկտիվների, մենակատարների ինչպես Հայաստանից, այնպես էլ Չինաստանից, Շվեյցարիայից, Իսրայելից: Փառատոնի 4 օրերի ընթացքում կայացել է 5 համերգ՝ 2 սիմֆոնիկ և 3 կամերային: Սա մի նախագիծ էր, որի նպատակն էր ներկայացնել հայ ժամանակակից երաժշտությունն իր ողջ հմայքով:
Նոյեմբերի 3-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացել է փառատոնի եզրափակիչ համերգը, որին ներկա են գտնվել ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ-ում գործող դեսպանատների ներկայացուցիչներ և հայ երաժշտության նվիրյալներ: Համեգի մեկնարկին հնչել է Արթուր Ահարոնյանի «Ջոնաթանի Բալլադը» սիմֆոնիկ-խորեոգրաֆիկ պոեմը՝ ըստ Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը» վիպակի:
Հաջորդիվ հնչել է Կոնստանտին Պետրոսյանի «Վոկալիզը»` թավջութակի և նվագախմբի համար (մենակատար՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ՝ Արամ Թալալյան):
Համերգի առաջին բաժնի ավարտին հնչել են Էդուարդ Սադոյանի «Նարեկացի ձայն առ Աստված» բալետից հատվածներ՝ Գայանե Գեղամյանի մենակատարմամբ ու Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի երգչախմբի ձայնակցությամբ:
Համերգի երկրորդ բաժնում հնչել է Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի «Համլետ» սիմֆոնիկ պոեմը, որը գրվել է Շեքսպիրի համանուն ողբերգու թյան մոտիվներով:
Փառատոնը եզրափակվել է արտասահմանից հրավիրված ջութակահար Բորիս Լիվշիցի (Շվեյցարիա) և դաշնակահարուհի Ռեն Դժեայի (Չինաստան) փայլուն կատարմամբ, ովքեր նվագախմբի հետ կատարել են Միխայիլ Կոկժաևի Կրկնակի կոնցերտը ջութակի, դաշնամուրի և նվագախմբի համար: Այս ստեղծագործության ստեղծման ներշնչանք է եղել Մարկ Շագալի «Ադամը և Եվան» կտավը:
Ողջ երեկոյի ընթացքում բեմում է եղել Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը:
Քառասուն հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները հնչել են համերգային 4 օրերի ընթացքում ու հանդիսատեսին պարգևել գեղեցիկ ու գունեղ երաժշտական երեկոներ: