Հայոց ցեղասպանության ծանր և դառը հետևանքները ներկայացնող ֆիլմ է նկարահանվել: Ռեժիսոր Արթուր Սուքիասյանը նկարահանել է «Մեր Ատլանտիդան» անունը կրող վավերագրական ֆիլմը: Կինոնկարը  Հայաստանի, Ֆրանսիայի և Թուրքիայի համատեղ արտադրություն է:


Ֆիլմը Պոլսի հայկական ճամբարի մասին է, որը կառուցվել էր որբերի կողմից 1960-ական թվականներին, ապա խլվել թուրքական իշխանությունների կ ողմից: Սա ճամփորդություն է ճամբարի անցյալի և ներկայի միջով, որը ցույց է տալիս, թե ինչպես երեք տասնամյակ անց ճամբարի սաները փորձում են չկորցնել դրա մասին իրենց հիշողությունները: Երբ ֆիլմում ներկայացվում են գլխավոր հերոսի անձնական պատմությունները և հուշերը ճամբարի մասին, մեկ այլ՝ ավելի մեծ պատմություն է սկսում բացահայտվել:


«Արմենպրես»-ի հետ զրույցում ֆիլմի ռեժիսոր Արթուր Սուքիասյանը նշեց, որ կինոնկարը ցեղասպանության մասին ֆիլմ չէ, սակայն ներկայացնում է այդ ողբերգության հետևանքները: «Ֆիլմն ավարտվել է. մոնտաժային աշխատանքները կատարվել են Ֆրանսիայում՝ գարնանը և ամռանը: Ֆիլմի ստեղծմանն աջակցել են Հայաստանի ազգային կինոկենտրոնը և «Հրանտ Դինք» հիմնադրամը:

 

Նկարահանումները կատարվել են Հայաստանում և Թուրքիայում: Իրականում պատմությանը մի քանի տարի առաջ եմ ծանոթացել, երբ Ստամբուլում ներկայացնում էի իմ վավերագրական նախագիծը: Ծանոթացա գլխավոր հերոսի՝ Կարոյի հետ, որն ապրում է Ստամբուլում, ոսկերիչ է: Ինձ շատ հետաքրքրեց այդ պատմությունը: Մի տարի գաղափարն իմ գլխում էր, մտածում էի ինչպես կարելի է ինչ-որ բան անել: Ֆրանսիական մի ծրագիր կար՝ վավերագրական ֆիլմերի հետ կապված, մասնակցեցի, սցենարը զարգացրի ֆրանսիացի մասնագետների հետ ու հետո գտա համապրոդյուսեր, սկսեցինք նկարահանումներ կատարել»,-վերհիշեց Արթուր Սուքիասյանը:

 

Ռեժիսորի խոսքով՝ 2012 թվականին ֆիլմը բուռն փուլի մեջ մտավ, և ինքը սկսեց մտածել, թե այն ինչ ճանապարհով պետք է առաջ գնա: ««Մեր Ատլանտիդան» անվանումը Հրանտ Դինքի հոդվածից է վերցված. «Ակոս» շաբաթաթերթում նա մի մեծ հոդված էր գրել հայկական հարցի հետ կապված, անդրադարձել Պոլսի ճամբարին, և ասել. «Ճամբարը մեր տունն էր, մեր ամեն ինչը, մեր Ատլանտիդան»: Ես ոգեշնչվեցի այդ խոսքերից: Այդ տարածքում, Թուրքիայում,  մի փոքրիկ հայկական քաղաքակրթություն է եղել, և հայերը զրոյից ամեն ինչ ստեղծել են և ապրել»,-փաստում է Սուքիասյանը:

 

Ռեժիսորի համոզմամբ՝ ֆիլմի հերոսների ապրումները շատ դրամատիկ են, հուզիչ: «Մարդիկ մտքով գնում են հետ, վերհիշում են ամեն ինչ, շատ հուզիչ է, ամեն մեկի Յուրաքանչյուրի համար ճամբարն, Ատլանտիդան այլ կերպ է արտահայտվում: Հերոսուհի կա, որ հիշում է խոհանոցի բույրը, խաղերը, որ խաղում էին: Ամեն հերոս տարբեր հիշողություններ ունի»,-հավելեց նա:

 

Արթուր Սուքիասյանը համոզված է, որ Ստամբուլի մեջ ինչ-որ մոգական բան կա: «Ինձ համար պարզ էր, որ Ստամբուլն էլ ֆիլմի հերոս պետք է լինի: Ու դա արտահայտված է ֆիլմում: Ստամբուլից ցեղասպանության օրերին հայեր են տեղահանվել, և մարդիկ այսօր ապրում են այդ տարածքում՝ ցավով և հիշողություններով: Ապրելով Թուրքիայում և այդ վերքը կրելով իրենց սրտերում՝ նրանք շատ բարդությունների են հանդիպում: Ֆիլմը նկարահանելու ընթացքում նոր խնդիրներ բացահայտեցի և նոր բաներ սովորեցի իմ հերոսների մասին, և դա շատ հետաքրքիր էր: Այն կարծես բացահայտումների շրջան էր»,-համոզված է ռեժիսորը:

 

Արթուր Սուքիասյանի խոսքով՝ այժմ ֆիլմը միջազգային հարթակում ներկայացնելու հետ կապված աշխատանք է տարվում, իրենք դիմում են տարբեր փառատոնների: «Ֆիլմը ցուցադրվելու է ֆրանսիական հեռուստատեսությամբ՝ համատեղ արտադրության շնորհիվ: 2015-ին, հուսով եմ, որ կցուցադրվի նաև Հայաստանում»,-եզրափակեց նա:

 

Արթուր Սուքիասյանը ծնվել է 1985 թվականին Գյումրիում: Ավարտել է Երևանի պետական մանկավարժական համալսարանը, աշխատել որպես կինոլրագրող: Կինոռեժիսուրա է ուսանել «Ոսկե ծիրան»ՄԿՓ-ի Կինոյի բարձրագույն դպրոցում: Այնուհետև աշխատել է«Բարս մեդիա» վավերագրական ֆիլմերի ստուդիայում` որպես պրոդյուսեր: «8-րդ օրը» (2006), «Հանդիպում» (2008), «Երևանի սիրուն տղա» (2010), «Աղավնիների վարպետը» (2011) ֆիլմերի ռեժիսորն է:

Ռոզա Գրիգորյան