Համաշխարհային հռչակ վայելող մի խումբ անձինք, այդ թվում՝ Դևիդ Բեքհեմը, Նիկոլ Քիդմանը, Էմմա Ուոտսոնը և Բենեդիկտ Քամբերբետչը, մասնակցել են Լոնդոնի նոր տուրիստական ծրագրին՝ ստեղծելով անգլիական հռչակավոր արջուկի՝ Փադինգտոնի հեղինակային արձանիկները:

 

Արձանիկները, որոնց շնորհանդեսը նոյեմբերի 3-ին կայացել է  Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում, նոյեմբերի 4-ին կհայտնվեն Լոնդոնի փողոցներում, ինչպես նաև տուրիստական մի քանի օբյեկտներում: Նրանք տեղ կգրավեն որոշակի վայրերում հատուկ երթուղով,  որն անվանվել է  «Փադինգտոնի արահետ»:

 

Նախապես համացանցից ներբեռնելով երթուղու սխեման և քաղաքում փնտրել-գտնելով մի արձանիկը մյուսից հետո, զբոսաշրջիկներն այդ կերպ կկարողանան հայտնվել Լոնդոնի ամենահռչակավոր տեսարժան վայրերի՝ Բիգ Բենի, Սուրբ Պողոսի տաճարի, Թաուերի կամրջի, Գրինվիչի թագավորական աստղադիտարանի, և, իհարկե, Փադինգտոն կայարանի մոտ, որի մերձակայքում ապրում է արջուկի մասին գրքերի հեղինակ անգլիացի գրող Մայքլ Բոնդը:  

 

1958 թվականից մինչեւ 2012 թվականը նա 22 պատմություն է գրել Փադինգտոնի մասին: Դրանց հիման վրա նկարահանվել է համանուն մանկական սերիալը: Երեխաների եւ մեծահասակների կողմից սիրված հերոսի մասին գրքերը թարգմանվել են 31 լեզուներով: Փադինգտոն կայարանում կանգնեցված Է արջուկի բրոնզե արձանը: