Եվրոպայում ապրող հայությունը պատրաստվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի համաեվրոպական հեռախոսամարաթոնին, որն այս տարի կանցկացվի նոյեմբերի 19-23-ը: Համաեվրոպական հեռախոսամարաթոնը հիմնադրամի ամենամյա խոշոր դրամահավաք միջոցառումներից է, որն իրականացվում է Ֆրանսիայի տեղական մարմնի գլխավորությամբ՝ սկսած 2000 թվականից:
«Արմենպրես»-ի թղթակցին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրին, որ այս տարվա հեռախոսամարաթոնին որպես «կնքահայր» և «կնքամայր» կմասնակցեն անվանի ֆրանսահայ երգիչ Պատրիկ Ֆիորին և աշխարհի ամենաերկար ոտքեր ունեցող մոդել Ադրիանա Կարեմբոն:
«Ամեն տարի հեռախոսամարաթոնին մասնակցում են մարդիկ, ովքեր ոգեշնչում են նվիրատուներին, հեռախոսազանգեր են կազմակերպում, ոգևորում տարբեր միջոցներով: Այս անգամ իրադարձությանը հաղորդակից կդառնան Պատրիկ Ֆիորին և Ադրիանա Կարեմբոն: Ի դեպ, վերջինիս ամուսինն ազգությամբ հայ է»,-նշեցին հասարակայնության հետ կապերի բաժնից:
Կնքահոր և կնքամոր անունները հայտարարվել էին մայիսի 11-ին` «France 2» ֆրանսիական հեռուստաալիքի եթերում: Պատրիկն ու Ադրիանան «Vivement dimache prochain» ծրագրի հյուրերն էին: Երկու աստղերը փորձելու են նպաստել դրամահավաքին:
Համաեվրոպական հեռախոսամարաթոնը խոշոր միջոցառում է: Չորս օր, 12 ժամ շարունակ ամենատարբեր տարիքի ու զբաղմունքի հայ և այլազգի կամավորներ զանգահարում են մասնակից երկրներում բնակվող հայ ընտանիքներին և կոչ անում մասնակցել Հայաստանի և Արցախի վերածննդին ուղղված դրամահավաքին: Վերջին տարիներին համաեվրոպական հեռախոսամարաթոնին մասնակցում են Ֆրանսիայի, Գերմանիայի, Բելգիայի, Հոլանդիայի, Շվեյցարիայի, Հունաստանի, Շվեդիայի հայ համայնքները:
Համաեվրոպական հեռախոսամարաթոնի պատմության ընթացքում ընդհանուր առմամբ արվել է 411 285 զանգ, եւ 20 800 նվիրատուի կողմից նվիրաբերվել 9 938 000 եվրո: Հավաքագրված գումարը ներդրվել է Հայաստանի եւ Արցախի ենթակառուցվածքների բարեկարգման ոլորտում:
Պարբերաբար հեռախոսամարաթոններ են ացկացրել նաեւ Հիմնադրամի Արգենտինայի, Բրազիլիայի, ԱՄՆ արեւելյան ափի տեղական մարմինները, ինչպես նաեւ գործադիր վարչությունը:
Նախորդ տարի հավաքագրված գումարներով ջրամատակարարման ծրագրեր իրականացվեցին Արցախի ու Հայաստանի (Տավուշի մարզ) 10 գյուղերում, հիմնանորոգվեց եւ սարքավորումներով համալրվեց Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի աուդիո-վիզուալ կենտրոնը, հիմնանորոգվեց Գյումրիի մանկատունը, կառուցվեց ջրամատակարարման համակարգ Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղում, իրականացվեցին Տավուշի մարզի գյուղատնտեսությունը խթանող մի շարք ծրագրեր: