Բրազիլիայում գործող հնդկական ազգային հիմնադրամը տարածել է տեսագրություն, որտեղ հստակ երեւում է, թե ինչպես է Ամազոնի անտառներում բնակվող հնդկացի մի ցեղ կիսամերկ ու զինված դուրս գալիս իր ապաստաններից և փորձում շփումներ հաստատել տեղացի բնակիչների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ֆրանսպրես»-ը, նրանք հայտնվել են Բրազիլիայի Ակրա նահանգում, Էնվիրա գետի հարևանությամբ` Պերուի հետ սահմանագծին:

 

Հնդկացի ցեղին մոտեցել են տեղացի Աշանիկով ցեղի ներկայացուցիչներ, որոնք, սակայն, քաղաքակիրթ են ու ապրում են այլ պայմաններում: Աշանիկովի ցեղախմբի ներկայացուցիչը հյուրերին բանան է հյուրասիրել, ովքեր ընդունել են նվերը, սակայն իրենց պահել են զգուշավոր և մի փոքր վախեցած:

 

Globo հեռուստաընկերության փոխանցմամբ, Ամազոնի անտառներից դուրս եկած հնդկացիները «պանո» լեզավխմբի կրողներին են: Ամենայն հավանականությամբ, նրանք ստիպված են եղել հատել սահմանը, քանի որ իրենց բնակավայրերում տեղի են ունենում անօրինական ծառահատումներ և այնտեղ գործունեություն են ծավալում թմրամաֆիայի ներկայացուցիչները: Բրազիլական Ամազոն անտառում են ապրում աշխարհի ամենամեծ թվով ցեղախմբերը, ովքեր պահպանում են իրենց ավանդույթներն ու հեռու են քաղաքակրթությունից: Ըստ Բրազիլիայի կառավարության ներկայացրած տվյալների, նման ցեղախմբերի թիվը Ամազոնում գերազանցում է 80-ը: