Մռայլ աշնանը գույներ հաղորդելու համար բավարար է գնալ կոսմետիկայի մոտակա խանութ և ընտրել վառ գույնի շրթներկ:

Նարնջագույն

Արդեն որերորդ սեզոնն է, ինչ նարնջագույնը չի զիջում իր դիրքները, ուստի բազմաթիվ բրենդներ իրենց հավաքածուներում կրկին ընդգրկել են այս երանգը:

Ինչո՞ւ նարնջագույն: Այս երանգի լավագույն հատկություններից մեկն այն է, որ նարնջագույնը սազում է գրեթե ցանկացած մաշկի գույնի հետ:

Հիմնական կանոնը, որին պետք է հետևել նարնջագույն շրթներկ ընտրելիս, հետևյալն է' որքան բաց է մաշկի գույնը, այնքան մուգ պետք է լինի շրթներկի երանգը: Եթե շրթներկը շատ վառ գույնի է, ապա մնացած դիմահարդարումը պետք է լինի զուսպ նյուդային երանգների մեջ, որպեսզի այն չափից դուրս ծանրաբեռնված չլինի:

 

Վարդագույն

Շատ քչերն են համարձակվում ընտրել վառ նեոնային վարդագույն երանգի շրթներկ, բայց արժե: Որպեսզի շրթներկն ամուր նստի շրթունքներին, խորհուրդ է տրվում առաջին շերտը չորացնել անձեռոցիկով, այնուհետև քսել շրթներկի երկրորդ շերտը:

Փորձեք այս երանգը, և դուք կզարմանաք, թե այն ինչպես թարմություն կհաղորդի ձեր կերպարին:

 

Գինեգույն

Արդեն երկրորդ սեզոնն է, որ այս երանգը չի զիջում իր դիրքերը: Լինելով անցյալ աշնան բացարձակ ֆավորիտը' գինեգույնն այս աշնանը կրկին նորաձև է:

Գինեգույնի երանգները դժվար է կրել, քանի որ իրենց բնույթով դրանք բավականին գոթական ու մռայլ են, բայց, ինչ խոսք, շքեղ տեսք են հաղորդում:

 

Նարդոսագույն

Չնայած աշնանային շրթներկերի մեջ գերակշռում են մուգ երանգները, կարելի է փորձել նաև ինչ-որ միջին բան, ինչպիսին է նարդոսագույնը:

Ճիշտ է, նարդոսագույնն այդքան էլ շատ սիրահարներ չունի, բայց երբեմն ցանկություն է առաջանում ինչ-որ ավելի վառ բան փորձարկելու:

 

Կարմիր

Երբեք չի կարելի թերագնահատել ճիշտ կարմիր շրթներկի ուժը. չէ՞ որ նրբագեղություն և սեքսուալություն է հաղորդում ցանկացած կնոջ: Բազմաթիվ կանայք պնդում են, որ իրենց չի սազում կարմիր շրթներկը, բայց դա այդպես չէ: Դուք կարող եք չհամարձակվել վառ կարմիր գույնի շրթներկ ընտրել, բայց երանգի ճիշտ ընտրության դեպքում դուք պարզապես կշողաք: