Կետերի որոշ տեսակներ, որոնք ամեն տարի լողում են դեպի արևային տարածաշրջաններ, պաշտպանվում են արևի ուլտրամանուշակագույն ճառագայթումից յուրատեսակ «արևայրուքի» շնորհիվ: Նրանք կարող են արևային ուժեղ այրվածքներ ստանալ, հայտնում են Scientific Reports պարբերականում հրապարակված հոդվածի հեղինակները, տեղեկացնում է РИА Новости-ն:

Նյուքասլի համալսարանի գիտնականները երեք տարիների ընթացքում մաշկի նմուշներ են վերցրել կապույտ կետերից և ճարպագլուխ կետից (կաշալոտ), որոնք ամեն տարի փետրվար-ապրիլ ամիսներին լողում են դեպի Կալիֆոռնիական ծոց:

Տեղի մասնագետների խոսքով՝ ուսումնասիրվող կետերի մաշկի վրա ավելի ու ավելի հաճախ են բշտիկի նմանվող վնասվածքներ նկատվում: Գիտնականները եզրակացնում են, որ այդ բշտիկները կարող են առաջանալ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունից:

Գիտնականները պարզել են, որ կապույտ կետերի մաշկը, որն ավելի թույլ գունավորում ունի, միգրացիայի ժամանակ «մգանում է», և մաշկում ավելի շատ պիգմենտներ են հայտնվում, և ինչպես մարդկանց մոտ, դրանք տարիքի հետ կուտակվում են, նշում է աղբյուրը: