Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան և ռեժիսոր Երվանդ Ենգիբարյանն այս տարի իր հանգիստն անցկացրել է Վրաստանում' գործընկերների՝ Վերոնիկա Սարոյանի, Աննա Բալանդիայի և Արման Ղազարյանի հետ. «Դեպքերի բերումով այնպես ստացվեց, որ գործընկերներիս հետ մեկնեցի հանգստի. ընկերներս այդ ժամանակահատվածում զբաղված էին»:

Ըստ Երվանդի՝ գործընկերների հետ հաճախ չեն մեկնում հանգստանալու: Նրանք տասնութ օր են անցկացրել Քոբուլեթիում և, օգտվելով առիթից, շրջել են ամբողջ Վրաստանով: «Քոբուլեթի գնացի, որովհետև եթե ֆիլմի կամ ներկայացման առաջարկ լիներ, այնտեղից Հայաստան վերադառնալը շատ հեշտ կլիներ»,- ասաց դերասանը, ով խաղացել է նաև Գոռ Կիրոկոսյանի՝ «Քայլ ձիով» աշխատանքային վերնագիրն ունեցող ֆիլմում, որը մեծ էկրան կբարձրանա հոկտեմբերի 10-ին: esyes.am –ն արդեն անդրադարձել է ֆիլմի որոշ մանրամասներին:

Այս ընթացքում Վրաստանում են եղել նաև Գ.Սուդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանները, ովքեր հանդես են եկել երկու ներկայացմամբ: «Պլանավորել էինք ընկերներով գնալ ու նստել առաջին շարքում, որպեսզի անակնկալ մատուցենք մեր հայրենակիցներին, ցավոք, չստացվեց»,- ասաց դերասանը և ավելացրեց, որ այցելել են տեղի հայկական թատրոն, որը փակ էր: Դերասանը նեղսրտելով նշեց, որ առաջին անգամը չէ, երբ Վրաստան է մեկնում այն ժամանակ, երբ թատրոնը «հանգստանում» է, ու չի կարողանում դիտել վրացական ներկայացումները:

Մի քանի անգամ լինելով Վրաստանում' դերասանը բողոքում է սպասարկման որակից: Ըստ Երվանդի՝ եթե Հայաստանում հանգստանալու հնարավորություն լինի, այստեղ ավելի լավ կհանգաստանաս. «Սպասարկման որակը մեզ մոտ շատ բարձր է, ինչքան էլ մենք դժգոհում ենք: Իսկ Վրաստանի միակ առավելությունն այն է, որ ծով ունի»:

Հանգստի ընթացքում Երվանդը հասցրել է շփվել Վրաստանի երիտասարդների հետ: Ըստ ռեժիսորի՝ նրանք ամերիկանացված են' սկսած հագուստից, վերջացրած պահելաձևով, որին հավանություն չի տալիս: Հարցին, թե օրերից մի օր ընդմիշտ կհաստատվի՞ Հայաստանից դուրս, դերասանը միանգամից պատասխանեց. «Ոչ, ոչ և էլի ոչ: Քանի որ ես այս թատրոնում եմ «ծնվել», սա իմ երկրորդ կյանքն է: Իսկ լքել Հայաստանը' իմ կողմից դավաճանություն կլինի ինքս ինձ»: