Ինչպե՞ս նվազեցնել խոլեստերինի մակարդակն արյան մեջ ժողովրդական միջոցներով: Այս խնդիրն առաջնահերթ է շատ-շատերի համար: Սակայն պետք է նախ իմանալ, թե ինչի համար է խոլեստերինն օրգանիզմում: Հասկանալի է, որ ոչ ինքնանպատակ ու անիմաստ, կնշանակի' ինչ-որ բանի համար:
Ուրեմն ի՞նչ է խոլեստերինն ու ինչի համար է
Խոլեստերինն ու խոլեստերոլը հոմանիշներ են: Խոլեստերինը հարկավոր է օրգանիզմին D վիտամինի մշակման, ավելի ճիշտ' կորտիզոլի, կորտիզոնի, էստրոգեն ու պրոգեստերոն կանացի և արական տեստոստերոն հորմոնների մշակման համար, ինչպես նաև մասնակցում է նյարդային բջիջիների աշխատանքին:
Ֆինլանդիայում 90-ականներին ակտիվորեն քարոզում էին խոլեստերինը նվազեցնող մթերքները: Խանութներում հայտնվեց 0% յուղայնությամբ կաթնամթերք: Դրանից հետո Ալցհեյմերի հիվանդության աճ նկատվեց: Ուստի սահմանափակումներում ծայրահեղություններ պետք չեն:
Հայտնի է, որ խոլեստերոլը լինում է բարձր ու ցածր : Առաջինն անհրաժեշտ է վերը թվարկված բոլոր օգտակար գործերի համար, իսկ երկրորդի դեպքում գոյանում են խոլեստերինային թերթիկները: Դրա համար էլ արյան վերլուծության ժամանակ հաշվի է առնվում նաև այդ 2 տեսակների հարաբերակցությունը' աթերոգեն գործակիցը:
Ինչպե՞ս է զարգանում աթերոսկլերոզը: Սկզբում զարկերակի պատին միկրոբորբոքում է առաջանում ազատ ռադիկալների կամ էլ վարակների պատճառած վնասվածքներից: Իսկ հետո օրգանիզմը բջջային պատերն ամրացնում է խոլեստերինային շերտավորմամբ, որոնք արյունից հավաքում են ավելի ու ավելի շատ նյութեր այնքան, մինչև դառնում են թերթիկներ: Իսկ այն անոթը, որի վրա շատ են նմանատիպ թերթիկները, կորցնում է առաձգականությունը, ու բնականաբար նեղանում է արյան հոսքի լուսանցքը: Աթերոսկլերոզի հետևանքով օրգանիզմի ընդհանուր ծերացում է առաջանում, քանի որ օրգանիզմը թերսնվում է:
Սակայն ավելի բարդ են սուր հետևանքները, ստենոկարդիան, արյան բարձր ճնշման հիվանդությունները, միոկարդի ինֆարկտը, առկայծող առիթմիան, կաթվածը: Իսկ շաքարային դիաբետի ու խոլեստերինի միահյուսման հետևանքով հիվանդի մոտ առաջանում է կուրություն, լրջորեն վնասվում են ոտքերի զարկերակները, ինչը ի վերջո հանգեցնում է անդամահատման անխուսափելիության:
Խոլեստերինային հավասարակշռության ավելի մեղմ խախտում է լեղաքարային հիվանդությունը: Թանձր լեղու դեպքումառաջանում են քարեր, որոնք, ի դեպ, հիվանդության սկզբում դեռևս հնարավոր է լուծել ու դուրս բերել օրգանիզմից:
Ինչպե՞ս կարելի է արյան մեջ նվազեցնել խոլեստերինը ժողովրդական միջոցներով:
Նախ' հարկ է նշել, որ ոչ բնական միջոցներից արյան մեջ խոլեստերինի մակարդակը նվազեցնում է ստատինը: Սա քիմիական միջոց է, որն արդյունավետ է լուծում այդ խնդիրը, ու , ի դեպ, աշխարհում վաճառքի իմաստով ամենագնայուն դեղորայքներից է: Սակայն կա մի խնդիր. այն, ինչը արագ է ազդում, որպես կանոն, ունենում է նաև հետևանքներ: Ստատինի դեպքում ստացվում է հետևյալ գծապատկերը. խմում ենք ստատին, նվազեցնում ենք արյան մեջ խոլեստերինի մակարդակը, սակայն, մեծանում է սրտանոթային անբավարարության հիվանդությունների ռիսկը: Ավելին, նման բուժումից հետո մեծանում է թրոմբի, միոկարդի, ինսուլտի հավանականությունը, սակայն խոսքը դեղատնային, սինթեզված ստատինի մասին է:
Մինչդեռ ստատին գոյություն ունի նաև բնության մեջ: Օրինակ' լրիվ անվտանգ է համարվում ֆիտոստատինը' կարմիր ֆերմենտացված բրնձի մեջ: Հաջորդ մթերքը վուշի ձեթն է: Սակայն այս դեպքում հարկավոր է ուշադիր լինել, քանի որ այն կարելի է կիրառել միայն որպես լրացում կենդանական ծագման օմեգա 3 թթուներին: Ուստի այն ևս լավ միջոց է խոլեստերինը կարգավորելու գործում, սակայն' չափավոր:
Ձկան յուղ. սա թերևս ամենապարզ ու մատչելի տարբերակն է, խոլեստերինի նվազեցման լավագույն միջոցը: Այն վաղուց է արտադրվում պատիճներով, և հեշտ է կուլ տալը:
Խոլեստերինի 20%-ն այնուամենայնիվ օրգանիզմ է մտնում սննդի հետ: Յուղալի սննդակարգ' գումարած ձու, և աթերոսկլերոզը երաշխավորված է: Իսկ օրգանիզմում խոլեստերինի մակարդակը նվազեցնող սնունդը հիմնականում բջջանք պարունակող բանջարեղենն է: Եվ պետք է հիշել, որ ֆիզիկական մեծ ակտիվության հետ ավելի շատ խոլեստերոլ է ծախսվում հորմոնների սինթեզի ու նյութափոխանակության համար: Ուրեմն, համապատասխանաբար էլ ճարպոտ սնունդ կարելի է օգտագործել, իսկ սակավաշարժության դեպքում օրական 100 գ ճարպը չափից շատ է:
Ո՞ր տարիքից է հարկավոր հսկել խոլեստերինի մակարդակը
Ցավոք, աթերոսկլերոզը (խոլեստերինային նստվածքն արյունատար անոթներում) սկսվում է երիտասարդ տարիքից: Առաջին ուսումնասիրությունները կատարել են ամերիկացիները' հերձելով Կորեայում զոհված երիտասարդ զինվորներին:
Եթե խախտում եք սննդակարգը, սակավաշարժ եք, ապա արյան բարձր ճնշման հիվանդություններ կարող են առաջանալ 40-ում կամ էլ 50-ում' ստենոկարդիա: Այսօր սրտամկանի ինֆարկտն ու կաթվածը երիտասարդացել են: Շատերը արդեն 40 տարեկանում ստիպված են օրական մի քանի դեղ խմել ճնշումն իջեցնելու համար, իսկ դրա փոխարեն ավելի դյուրին է լյարդի մաքրումը, որտեղ էլ, ի դեպ, ծնվում է ճիշտ և սխալ խոլեստերինը:
Իսկ խոլեստերինի բարձր մակարդակն ու աթերոսկլերոզն անուշադրության մատնել ոչ մի կերպ չի կարելի: Այն, ի վերջո, անպայման կհանգեցնի լուրջ հետևանքների:
Խոլեստերինի մակարդակը նվազեցնելու մի քանի միջոց
Եթե ասում են, որ ձեր արյան մեջ խոլեստերինի մակարդակը բարձր է, ապա դա նշանակում է, որ արյան մեջ փափուկ, դեղնավուն գոյացությունները շատ են: Իսկ եթե այդ գոյացությունները կուտակվում են զարկերակների պատերին, ապա հնարավոր է, որ դրանք խցանեն անոթները' հանգեցնելով արյան հոսքի կրճատման, ինչը հղի է սրտի նոպայով, ինֆարկտով կամ էլ ստենոկարդիայով:
Բանն այն է, որ օրգանիզմն ինքն է խոլեստերին արտադրում բնական կերպով, սակայն, խնդիր է ծագում այն ժամանակ, երբ ավելցուկ է առաջանում:
Իսկ լավ կամ վատ խոլեստերինը տարբերակելու համար հարակավոր է իմանալ, որ սննդային խոլեստերինն այն է, որը սնունդն է պարունակում (հիմնականում' կենդանական ծագում ունեցող). օրինակ' 1 ձվի մեջ 275 մգ խոլեստերին կա, իսկ խնձորի մեջ' ամենևին: Ամերիկացի մասնագետներն ասում են, որ հարկավոր է խոլեստերինի ընդունվող քանակը հասցնել օրական 300 մգ-ի կամ, ավելի լավ է'200 մգ-ի:
Հարկավոր է հետևել քաշին. որքան «լիքն եք», այնքան շատ խոլեստերին է ձեր օրգանիզմն արտադրում: Քաշի ավելացումն ուղիղ համեմատական է օրգանիզմում խոլեստերինի ավելացմանը: Յուրաքանչյուր 0,5 կգ քաշը խոլեստերինի մակարդակը 2 նիշով ավելացնում է:
Կրճատեք ճարպերի քանակը, այլ կերպ' միսը, կարագը, պանիրը: Հնարավորության դեպքում դրանք փոխարինեք ձկնեղենով, թռչնամսով, ցածր յուղայնությամբ մթերքներով ու եգիպտացորենի, արևածաղկի կամ էլ սոյայի ձեթով:
Եթե հնարավորություն ունեք, անցեք զեյթունի ձեթին:
Ձու շատ ուտել չի կարելի, սակայն դա չի նշանակում, որ այն լրիվ պետք է սննդակարգից հանել:
Ճիշտ կլինի լոբազգիներ օգտագործել. այս սննդարար ու ոչ այնքան թանկ սննդատեսակը պարունակում է պեկտին անունով ջրում լուծելի բջիջներ, որոնք պատում են խոլեստերինն ու օրգանիզմից դուրս բերում ավելի շուտ , քան այն կհասցնի վնասել: Ի դեպ, խոլեստերինը նվազեցնող հատկություն ունեն բոլոր լոբազգիները:
Մրգերը նույնպես պեկտինի պարունակության շնորհիվ նվազեցնում են արյան մեջ խոլեստերինի մակարդակը: Վարսակի թեփը նույնպես լոբազգիների նման ազդեցություն ունի: