Երգիչ Նարեկ Բավեյանն օրերս ներկայացրել էր իր նոր տեսահոլովակը՝ նկարահանված «Չփոխվես» երգի հիման վրա: Այսօր Նարեկը ներկայացրել է տեսահոլովակի շտկված տարբերակը: esyes.am-ը զրուցեց երգչի հետ՝ ճշտելու ինչ շտկումներ են արվել:

«Շտկումները հիմնականում աուդիոյի հետ էին կապված. նորացրել ենք երգի հնչողությունը: Վերջնական միքսը մեզ դուր չէր գալիս և երգը ևս մեկ անգամ ենք միքսել,- ասաց Նարեկն ու հավելեց, որ շփոթմունք էր եղել նաև տեսահոլովակի հետ կապված: -Տեսահոլովակի ընթացքում գրել էինք' «Years ago», դա պետք է սկզբում լիներ, քանի որ առաջին մասում ներկայացվում է տարիներ առաջ եղածը, հետո՝ ներկան: Մի խոսքով թարս բաներ էինք արել: Հաշվի առնելով մեկնաբանություններում մարդկանց նկատառումները՝ որոշեցինք փոփոխություններ անել: «Տարիներ առաջն» էլ «Տարիներ անց» դարձնել»,- հայտնեց Նարեկը: Վերջինս ջնջել է ներբեռնած նախորդ տեսահոլովակը՝ չնայած այն արդեն տասը հազարից ավելի դիտում ուներ. «Հուսով եմ մեր դիտումները կվերականգնվեն»:

Մինչ տեսահոլովակի պրեմիերան esyes.am-ն իր ընթերցողներին պատմել էր երգի և տեսահոլովակի մասին և Նարեկը խոստացել էր երաժշտական առումով այլ կերպ ներկայանալ և ոչ կոմերցիոն, որակյալ գործ ներկայացնել: Երգից մեծ սպասելիքներ ուներ նաև երգիչը, ում հետ զրուցեցինք ակնկալիքների և արդյունքի մասին. «Առաջիկայում դեռ կերևա ժողովուրդի արձագանքը, սակայն այն, ինչ ես սպասում էի, կարելի է ասել, արդարացավ: Երաժիշտներից, իմ կոլեգաներից միայն դրական ու լավ խոսքեր եմ լսում: Ջնջված տեսահոլովակի մեկնաբանությունների հատվածում գրված խոսքերի 99,9 տոկոսն էլ էր դրական: Կար մի երկու բացասական կարծիք, բայց ընդհանուր առմամբ դրական էր: Մարդիկ հիմնականում բողոքում էին, որ ես իրենց լացացնում եմ:)»:

Անդրադառնալով հարցին' ե՞րգը, թե՞ տեսահոլովակն էր առավել ազդեցիկ, Նարեկը հետևյալն ասաց. «Երգը ռոմանտիկ է, սակայն այնպիսին չէ, որ լսես ու լացես: Մեկը մյուսին ամբողջացնում է: Մենք ուզում էինք մարդկանց սրտի նուրբ լարերին դիպչել, կարծում եմ, առանց տեսահոլովակի դա միանշանակ չէր ստացվի»:
Նշենք, որ երգի երաժշտության հեղինակը Մարտին Միրզոյանն է, խոսքերինը՝ Գրիգոր Կյոկչյանը: Տեսահոլովակի ռեժիսորը Սերժ Գաբյանն է: