Ինչպես հայտնել ենք, դերասանուհի Իրինա Այվազյանի հարազատ եղբայրը՝ Արսենը, այսօր գտնված 6 զինծառայողներից մեկն է: Tert.am Life-ի հաղորդմամբ` տղաներից մյուսը՝ Ռուսլան Թումանյանը, դերասան Վարուժան Մարգարյանի եղբայրն է:

Վարուժանը Tert.am Life-ի հետ զրույցում ասել է, որ իր երջանկությանը չափ չկա: «Մենք 70 օր լուր չունեինք եղբորիցս, 70 օր չէինք լսել իր ձայնը, քիչ առաջ խոսեցի: Չեմ կարող բառերով նկարագրել, թե ինչ եմ զգում հիմա: Աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ»,- ասել է նա ու հավելել, որ Ռուսլանն իր զարմիկն է: 

«Այսքան օր անտառներում թաքնված են եղել, բայց իր հետ խոսեցի, դուխը միլիոն էր: Հիմա Ստեփանակերտի հոսպիտալում է: Անհամբեր սպասում ենք, թե երբ են գալու: Հիմա արդեն կարող եմ ասել, որ ինքն իմ մեծ ախպերն է, ոչ թե փոքր»,- ոգևորությամբ ասել է դերասանը: