COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայի համավարակը բացասաբար է ազդել սննդային վարքագծի խանգարումներով 10 պացիենտից 9-ի վրա։ Այս մասին հայտնում են Մեծ Բրիտանիայի Նորթումբրիի համալսարանի գիտնականները։ Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Eating Disorders-ում։

Համավարակի վաղ փուլերում Մեծ Բրիտանիայում բժիշկներ Դոն Բրենլի-Բելը եւ Քեթրին Թալբոթը ամբողջ երկրում հարցում են անցկացրել մարդկանց շրջանում, որոնք հարցման պահին տառապում էին սննդային վարքագծի խանգարումներով կամ դրանցից հետո վերականգնվում էին։

Պարզվել է, որ մեկուսացման եւ սոցիալական հեռավորության պահպանման հետեւանքով առօրյա կյանքի խափանումները կարող են կործանարար ազդեցություն ունենալ մարդու բարեկեցության եւ ամենօրյա կյանքի վրա։ Հարցման մասնակիցներից 10-ից գրեթե 9-ը (87 տոկոս) հայտնել է, որ համավարակի հետեւանքով իրենց ախտանիշները վատթարացել են։ Ավելի քան 30 տոկոսը հայտարարել է, որ իրենց ախտանիշները շատ ավելի վատթար են դարձել։

NEWS.am Medicine-