Բժշկությունից հեռու մարդիկ կարո՞ղ են արդյոք լսողությամբ ճանաչել «վարակիչ» հազը եւ հասկանալ՝ կողքին հազացող մարդը հիվա՞նդ է, թե՞ ուղղակի կոկորդն է մաքրում: Այս հարցի պատասխանը որոշել են պարզել University of Michigan-ի գիտնականները:

Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ մարդկանց մեծ մասը կարող է մյուսների արտաքին տեսքից ճանաչել նրանց մոտ մրսածության կամ գրիպի հնարավոր ախտանիշները՝ աչքերի կարմրություն, տենդ, չափից շատ քրտնել, հարբուխ, հայտնում է medportal.ru-ն:

Հազի առկայությունը, սակայն, շատերին մոլորության մեջ է գցում. եթե մարդը բժիշկ չէ, սովորաբար սխալ պատկերացում է ունենում այն մասին, թե ինֆեկցիոն հիվանդությունների ժամանակ հազն ինչպես պետք է հնչի: Այս խնդիրը սովորաբար արդիական է COVID-19 համավարակի ժամանակ, երբ մարդկանց շատ է մտահոգում սուպերմարկետում կամ հանրային տրանսպորտում որեւէ մեկի հազը:

Հոգեբան Նիկոլաս Միխալակը գործընկերների հետ միասին հետազոտություն է կատարել, որի շրջանակում 200 կամավորներ Youtube-ով պետք է դիտեին հազացող մարդկանցով հոլովակներ եւ որոշեին, թե ով է նրանցից հիվանդ, իսկ ով է ուղղակի կոկորդը մաքրում կամ տառապում ալերգիայով: Մասնակիցների մեծ մասը 10-ից միայն 4 դեպքում է կարողացել է ճիշտ որոշել վարակված մարդու հազը:

«Պատասխանների ճշգրտությունը չի բարելավվել անգամ այն դեպքում, երբ նրանց զգուշացրել են, թե քանի «վարակիչ» ձայն է լինելու կամ երբ նրանք կենտրոնացել են հազի տհաճ ձայնի վրա: Ընդ որում՝ բոլորը հայտնել են, որ միանգամայն վստահ են իրենց եզրահանգումներում»,- ասել է Միխալակը:

Գիտնականների խոսքով՝ չարժի, որ մարդիկ շրջապատողների առողջության մասին եզրակացություններ կատարեն նրանց հազի ձայնից եւ ամեն անգամ խուճապի մատնվեն, երբ կողքին որեւէ մեկը փռշտում է կամ հազում:

«Մենք ոչ մի ապացույց չենք գտնում, որ մարդիկ կարող են ախտածին միկրոօրգանիզմներից բխող սպառնալիքը որոշել հազի ձայնով, նույնիսկ եթե համոզված են, որ հակառակն է: Թույլ տվեք ախտորոշումը բժիշկները կատարեն»,- ասել է հետազոտության հեղինակը:

news.am