ԱՄՆ Ֆլորիդա նահանգի 66-ամյա բնակչուհին մեղադրվում է ապահովագրության համար ամուսնու սպանությունը կազմակերպելու մեջ: Նա դրա համար վճարել է իր որդուն և նրա ընկերոջը, որը նախկինում սպանել էր իր դստերը՝ հայտնում է Asbury Park Press-ը:

1994-ի դեկտեմբերին 25-ամյա Անա Մեհիայի տունը խուզարկեցին: Ոստիկանները հայտնաբերել էին 1 կիլոգրամ կոկաին և 130 հազար դոլար, որը թաքցրել էր նրա թմրավաճառ սիրեկանը։ Մեկ շաբաթ անց Անային մահացած էին հայտնաբերել: Մարդասպանները նրան 23 անգամ հարվածել էին դանակով և դեմքին քսել սպիտակ փոշի:

Ոստիկաններ սկզբում կարծել էին, որ դա թմրանյութ է, բայց փոշին, պարզվել էր, մանկական սնունդ է:

Մարդասպաններին գտնելու համար Անա Մեհիայի խորթ հայրը՝ 51-ամյա Նիկոլաս Քոնորսը, վարձել էր մասնավոր դետեկտիվ: Ուղիղ վեց ամիս անց Քոնորսը սպանվել էր իր սեփական տանը, որտեղ նա ապրում էր իր կնոջ՝ 40-ամյա Դոլորես Մորգանի հետ:

26 տարի անց Խոսե Կարերոն, Դոլորես Մորգանի և նրա որդու՝ Թեդ Քոնորսի ծանոթը, խոստովանել է, որ մասնակից է եղել երկու սպանություններին: Նրա խոսքով՝ 1990-ականներին Թեդը թմրանյութերի վաճառքով էր զբաղվում: Այս մասին իմացել է նրա մայրը՝ Դոլորես Մորգանը: Անա Մեհիայի տան խուզարկությունից հետո նա վախեցել է, որ աղջիկը կպատմի այս մասին ոստիկանությանը, և խնդրել է Թեդին և Խոսեին սպանել աղջկան: Դոլորեսը խոստացել է նրանց երկու-երեք հազար դոլար վճարել իր դստեր սպանության համար:

Վեց ամիս անց Դոլորեսը համոզել է Թեդին և Խոսեին սպանել նաև Նիկոլոս Քոնորսին, որպեսզի ստանա իր ապահովագրությունը: Բացի այդ, նա ցանկացել է դադարեցնել Անա Մեհիայի սպանության գործով հետաքննությունը: Ամուսնու մահից հետո Դոլորեսը ստացել է նրա կյանքի ապահովագրության գումարը՝ 200 հազար դոլար, այնուհետև Թեդի և Խոսեի հետ մեկնել է Դոմինիկյան Հանրապետություն:

2020-ին կայացած դատավարության ընթացքում Թեդի նախկին սիրուհին ոստիկանությանը փոխանցել է մի խոսակցություն, որը ձայնագրվել է Դոմինիկյան Հանրապետություն մեկնելու ընթացքում: «Մենք երկու սպանություն ունենք , – ասել է Դոլորեսը: -Մենք չենք կարող ևս մեկը մեզ թույլ տալ: Մենք չպետք է թույլ տանք, որ ոստիկանությունը նորից ինչ-որ բան գտնի մեր տանը»:

Մի քանի ամիս անց Դոլորեսը և Թեդը տեղափոխվել են Ֆլորիդա՝ այնտեղ նոր կյանք սկսելու համար: Խոսեն պնդում է, որ նրանք հեռացել են՝ առանց վճարելու իրեն խոստացված գումարը:

Եթե դատարանը մեղավոր ճանաչի Դոլորես Մորգանին և Թեդ Քոնորսին, ապա նրանց սպառնում է ցմահ ազատազրկում՝ առանց պայմանական վաղաժամկետ ազատման: