Versace իտալական նորաձևության տունը LAV կազմակերպությունից կենդանիների իրավունքների պաշտպանների ճնշման ներքո հրաժարվել է կենգուրուի կաշվի օգտագործումից իր հավաքածուները պատրաստելիս՝ տեղեկացնում է TASS-ը:

Ընդ որում, հայտնի բրենդը, ինչպես հայտնել է The Guardian թերթը, ի լուր ամենքի չի հայտարարել այդ արգելիչ միջոցառման մասին, սակայն թույլ է տվել, որ դա արվի իրավապաշտպանների կողմից: «Մենք դրա վերաբերյալ պաշտոնական հայտարարությամբ հանդես չենք եկել, սակայն կարող ենք հաստատել, որ վերջնականապես դադարեցրել ենք կենգուրուի կաշվի օգտագործումը՝ սկսած 2019 թվականի հավաքածուներից»,- պարզաբանել են Versace-ի ներկայացուցիչները բրիտանական լրատվամիջոցին հղած էլեկտրոնային նամակում: Իրենց արտադրանքում կենգուրուի կաշվի օգտագործման առաջին արգելքը սահմանել է Diadora ընկերությունը՝ մարզահագուստի, կոշիկի և աքսեսուարների իտալական արտադրողը:

Բայց ինչպես և Versace-ն, Diadora-ն ձեռնպահ է մնացել հրապարակային հայտարարություններից: Եվրամիությունը Ավստրալիայից կենգուրուի մսի ու կաշվի խոշորագույն ներմուծողն է, իսկ Իտալիան՝ կաշվի առաջատար ներմուծողը: Իտալական մի շարք սպորտային բրենդներ կաշին օգտագործում են ֆուտբոլային մարզակոշիկներ պատրաստելիս: Երկու տարի առաջ Versace-ում հրաժարվել են բնական մորթի օգտագործել հագուստի արտադրության մեջ: