31-ամյա Ռիհաննան սոցիալական ցանցում երկրպագուների հայտնել է իր առաջին «վիզուալ ինքնակենսագրականի» թողարկման մասին՝ ֆոտոալբոմ, որը ներառում է երգչուհու ավելի քան 1000 լուսանկար։ Գրքի 504 էջերում, որը կհրատարակի Phaidon հրատարակությունը, ներկայացված կլինեն տարբեր տարիների լուսանկարներ, իսկ դրանց մի մասը կցուցադրվի առաջին անգամ, գրում է Spletnik-ը։
«Ուրախ եմ կիսվել հիշողությունների այս անհավանական հավաքածուով։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր լուսանկարիչներին եւ նկարիչներին, ինչպես նաեւ Phaidon հրատարակությանը համագործակցության եւ իմ նմանատիպ առաջին ստեղծագործության հրատարակման համար»,- Instagram-ում գրել է Ռիհաննան։
Նախագծի հեղինակները խոստանում են ֆոտոալբոմում ներկայացնել փափ աստղի կյանքի հիմական պահերը՝ սկսած Բարբադոսում նրա մանկությունից, մինչեւ նրա համաշխարհային շրջագայություններ եւ վառ կերպարներ։ Լուսանկարներում երկրպագուները Ռիհաննային կտեսնեն ամենատարբեր իրավիճակներում։
Գիրքը վաճառքում կհայտնվի հոկտեմբերի վերջին, իսկ այժմ կարող եք դիտել դրա էջերից մի քանիսը, որոնք հայտնվել են համացանցում։