Հունաստանի Սալոնիկ քաղաքում հոկտեմբերի 31-ին մեկնարկում է 55-րդ միջազգային կինոփառատոնը: Ընդամենը Բալկաններում ամենախոշորն ու ամենահեղինակավորը համարվող ստուգատեսի ընթացքում ցուցադրվելու են տասնյակ երկրների շուրջ 200 գեղարվեստական ժապավեններ: Հիմնական միջազգային մրցույթի ծրագրում ներառված է 14 կինոնկար: Հաղթողներին սպասում են «Ոսկե Ալեքսանդր» և «Արծաթե Ալեքսանդր» գլխավոր մրցանակները, ինչպես նաեւ մի շարք այլ պարգևներ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Հիմնական մրցույթից բացի, փառատոնային դիտումներ կանցկացվեն նաև «Հունական ֆիլմեր», «Հունական կինոյի 100 տարին», «Բաց հորիզոններ», «Հոսանքներ», «Երիտասարդական էկրան», «Բալկանյան ստուգատես», «Բալկանյան կարճամետրաժ ֆիլմեր» սեկցիաներում:

 

Սալոնիկի տասնօրյա կինոֆորումը կսկսվի թատրոնի և կինոյի հունգարացի ռեժիսոր Կոռնել Մունդրուցոյի «Սպիտակ աստված» դրամայի ցուցադրմամբ, որն այս տարվա Կաննի կինոփառատոնում ստացել է «Ազատ հայացք» մրցութային ծրագրի գլխավոր մրցանակը: Կինոնկարը պատմում է Լիլի աղջկա և նրա շան ընկերության մասին, որին երեխայի հայրը փողոց է նետում: Լիլին փախչում է տնից, որպեսզի գտնի իր շանը:

 

Մրցանակաբաշխության գլխավոր արարողությունը կկայանա նոյեմբերի 8-ին՝ կինոփառատոնի պաշտոնական փակումից մեկ օր առաջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: