«ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային 6-րդ անիմացիոն կինոփառատոնը հատեց եզրագիծը: Ամենամյա տոնը եզրափակվեց հոկտեմբերի 30-ին «Մոսկվա» կինոթատրոնում, որտեղ տեղի ունեցավ կինոփառատոնի փակման արարողությունը ու Արի Ֆոլմանի «Համաժողովը» ֆիլմի երևանյան պրեմիերան: Փակման հանդիսավոր արարողության ընթացքում հայտարարվեցին փառատոնում հաղթած կինոնկարները:


«ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին փակման արարողության ընթացքում շնորհակալություն հայտնեց փառատոնի բոլոր գործընկերներին և աջակիցներին: Փակելով 6-րդ «ՌեԱնիմանիա»-ն՝ նա ազդարարեց 7-րդ փառատոնի մեկնարկը:

 

Փառատոնի գեղարվեստական ղեկավար Րաֆֆի Մովսիսյանը խոստովանեց, որ տխուր է, քանի որ հյուրերի մեծ մասը մեկնում է Հայաստանից:  

 

«Փառատոնի հաջողությունները մեզ դժվարությամբ են տրվել: Շատ հարցեր լուծում չունեին, բայց լուծվեցին ՀՀ կառավարության և վարչապետ Հովիկ Աբրահամյանի, ինչպես նաև ՀՀ մշակույթի նախարարության և Հասմիկ Պողոսյանի աջակցությամբ: Վերջին օրերի ընթացքում շատ բան է կատարվել, 400 անիմացիոն ֆիլմեր և հրաշալի նախագծեր են ներկայացվել: Մեզ համար մեծ պատիվ կլինի մեր փառատոնի բացումն ազդարարել հայկական արտադրության լիամետրաժ անիմացիոն ֆիլմով: Ուրախ ենք, որ այժմ ստեղծվում է «Անահիտ» մուլտֆիլմը, և մենք պատիվ ունենք «ՌեԱնիմանիա»-ի փակման արարողության ժամանակ ներկայացնել դրա թրեյլերը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Րաֆֆի Մովսիսյանը:

 

Փակման արարողության ընթացքում փառատոնի ժյուրիի անդամները շնորհակալություն հայտնեցին միջոցառման կազմակերպչներին՝ փառատոնի անցկացման և հետաքրքիր օրերի համար:

 

«Լավագույն լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում հաղթող ճանաչվեց ռեժիսոր  Ալե Աբրեուի «Տղան և աշխարհը» կինոնկարը: Որպես լավագույն գեղարվեստական /նկարչական/ լուծում` «Վալենտին Պոդպոմոգովի հատուկ մրցանակ» ստացավ  Խուլիո Լուդուենյայի «Քրոնոպներ և Ֆամաներ» ֆիլմը:  «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» ճանաչվեց Նասոս Վակալիսի «Ընթրիք մի քանիսի համար»-ը: Լավագույն ավարտական ֆիլմ ընտրվեց Ալեքսանդրա Հետմերովի «Աստվածների Քաղաքը»:

 

Լավագույն հեռուստատեսային և ուսուցողական ֆիլմի անվանակարգում հաղթեց Սերգեյ Մերինովի «Պլաստիլինե այբուբեն»-ը:  Լավագույն երաժշտական հոլովակի համար մրցանակ ստացավ Ելենա Օրոզի «Ֆաքոֆբոլան: Մի՞շտ, թե՞ երբեք» գործը:

 

Հանրությանը ներկայացվեցին հատվածներ հաղթած կինոնկարներից: Հոկտեմբերի 31-ին հանդիսատեսը հնարավորություն կստանա դիտել մրցանակակիր ֆիլմերը: Կազմակերպիչները հույս հայտնեցին, որ մրցանակակիր ֆիլմերի ստեղծողները կհյուրընկալվեն հաջորդ տարվա «ՌեԱնիմանիա»-ին:

 

Բազմաթիվ կինոսերներ հոկտեմբերի 25-ին մասնակցեցին «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային 6-րդ անիմացիոն կինոփառատոնի մեկնարկին: Ամենամյա տոնի մեկնարկն ազդարարվեց Ստեֆան Բերլայի «Ջեքը և կկվով ժամացույց-սիրտը» ֆիլմի երևանյան պրեմիերայով: Փառատոնի բացման արարողության ընթացքում  թատրոնը և անիմացիան ներկայացան մեկ բեմում՝ «Փոքր թատրոնի»  դերասանների ուժերով: 

 

Արդեն սիրելի դարձած տոնն այս տարի անցկացվում է հոկտեմբերի 25-31-ը: Վեցերորդ «ՌեԱնիմանիա»-ն անցկացվում է ՀՀ վարչապետի հովանու ներքո և Մշակույթի նախարարության աջակցությամբ: Կինոփառատոնին հյուրընկալվեցին շուրջ 20 ճանաչված հյուրեր համաշխարհային անիմացիայի առաջատար երկրներից՝ Մարկ Շապիրոն (ԱՄՆ), Գարի Շվարցը (ԱՄՆ), Կարոլին Շվայցերը (Գերմանիա), Շառլի Սանսոնետին (Ֆրանսիա), Արմինե Սանսոնետին (Ֆրանսիա), Թամար Հայդուկեն (Իտալիա), Առնաբ Չաուդհուրին (Հնդկաստան), Այլին Խաչատուրյանը (Լիբանան), Սիմոն Ֆիլյոն (Ֆրանսիա), Անա Նեդելկովիչը (Սերբիա), Սեր Բեսեթը (Ֆրանսիա), Սերժ Ավետիքյանը (Ֆրանսիա), Մագդալենա Օսինսկան (Անգլիա), Իլյա Յուդովիչը (Ռուսաստան), Վլադիմիր Լապինը (Ռուսաստան), Ստեֆան Բերլան (Ֆրանսիա), Մարկ Բորեալը (Ֆրանսիա), Մարի Բորեալը (Ֆրանսիա), Վլոձիմեժ Մատուշևսկին (Լեհաստան): Այս տարի «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոփառատոնը ստացել էր 900 հայտ՝ շուրջ 90 երկրից, որոնցից կցուցադրվեն 400 լիամետրաժ, կարճամետրաժ անիմացիոն ֆիլմեր և հոլովակներ:

 

Արտամրցույթային ծրագրերից էր «Երևանյան պրեմիերաներ» ծրագիրը, որի շրջանակներում տեղի ունեցավ 6 լիամետրաժ անիմացիոն ֆիլմի տարածաշրջանային պրեմիերա: Այս տարվա փառատոնը ներառում էր նաև վարպետության դասընթացների անցկացում: Այս տարի անցկացվեց երեք մասնագիտական վարպետության դասընթաց՝ յուրաքանչյուրը երեք օր տևողությամբ: Մասնավորապես, վարպետության դասընթացներով հանդես եկան բրենդինգի և մարքեթինգի մասնագետ Մարկ Շապիրոն (ԱՄՆ), բազմաթիվ ֆիլմերի նկարիչ և դիզայներ Կարոլին Շվայցերը (Գերմանիա), ինչպես նաև համաշխարհային ժամանակակից հեռուստատեսային անիմացիայի ճանաչված մասնագետ, արմատներով հայ Շառլի Սանսոնետին (Ֆրանսիա):

 

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան հետ փառատոնի շրջանակներում ներկայացվեց ֆրանսիական լավագույն անիմացիոն ստուդիաներից մեկը՝ «Ֆոլիմաժը»: «ՌեԱնիմանիա» Երևանի 6-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնի նոր և կարևորագույն նախաձեռնություններից մեկն էր արտադրության մեջ գտնվող անիմացիոն կինոնախագծերի մասնագիտական ներկայացումը: Այդ նախագծերն են Սերժ Ավետիքյանի «Վերջին ռաունդը Ստամբուլում» անիմացիոն ֆիլմի և Իլյա Յուդովիչի և Վալենտին Լապինի` Վիլյամ Սարոյանի «Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը» վիպակի հիման վրա նկարահանվող «Իմ սիրտը» տիկնիկային լիամետրաժ ֆիլմի արտադրական ընթացքները:

 

Երևանյան ցուցադրումներից հետո «ՌեԱնիմանիա» 6-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնը կհյուրընկալվի Գյումրիում: