Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մուտքը երեկ հերթական անգամ մարդաշատ էր. առիթը Տիգրան Համասյանի տրիոյին լսելու ցանկությունն էր:


Համերգասրահի հենց մուտքի մոտ հանդիպում ենք երգիչ, դերասան, վաստակավոր արտիստ Միքայել Պողոսյանին: 


Ավելի ուշ՝ արդեն օթյակում, հանդիսատեսի շարքից լսում ենք. «Տե՛ս, Տիգրան Մանսուրյանը», «Թե՞ Համասյանը»,- կեսկատակ-կեսլուրջ պատասխանում է մյուս հանդիսականը: «Չէ, Մանսուրյանը, մեզանից ձախ»: Շրջվում ենք աղջկա ցույց տված ուղղությամբ: Իսկապես Մանսուրյանն է ու եկել է Համասյանին լսելու: 


Սա Համասյանի և երևանաբնակ հանդիսատեսի՝ այս տարվա երրորդ հանդիպումն է: Առաջին հանդիպումը մարտի 6-ին էր, երբ նա միայնակ էր փայլում բեմում, երկրորդը՝ Արմեն Բաբախանյանի և Վահագն Հայրապետյանի հետ: Այդ համերգն էլ, թերևս, ոչ ոք չի մոռացել, երբ քամին «ներխուժել էր» Արամ Խաչատրյան մեծ համերգասրահ:


Հիմա բեմը լուսավոր է, դահլիճի շարքերը՝ աննշմար:

Համերգը մեկնարկում է՝ «Ջուր կուգայ վերին սարեն»: Ժողովրդական երգի Կոմիտասի մշակումը ներկայացվում է համասյանական մատուցմամբ, հետո հնչում են անծանոթ ստեղծագործություններ, որոնք, հետո Համասյանից ենք տեղեկանում՝ ընդգրկվելու են հունվարին լույս տեսնելիք ալբոմում: Հանդիսատեսը համերգին «միջամտում է» միայն ծափերով ու «բրավո»-ներով:


Տիգրան Համասյանը ողջունում է հանդիսականին, ասում՝ իրենք ուրախ են, որ եկել են համերգին, շնորհակալություն հայտնում կազմակերպիչ ընկերությանը՝ TM Production-ին և դահլիճը տրամադրողներին: Գյումրեցուն բնորոշ հումորն էլ անպակաս է, կատակում է՝ «Կարևորը՝ տոկը չտա»:  


Հետո «Յաման յար»-ն է հնչում, հետո Համասյանը բեմում մենակ է: «Մայր իմ, ո՞ւր ես»: Շարականը հնչում է միայն դաշնամուրով ու մի տեսակ էլեկտրականացնում դահլիճը: Հետո միանում են Սեմ Մինային' բաս և Արթուր Խնատեկը` հարվածային գործիքներ: 


Ու թեև համերգը վերջանում է անսպասելի, բայց «փորձառու» հանդիսատեսը գիտի, որ տրիոն վերադառնալու է: «Բիս», «բիս»,- պահանջում են մյուսները: 

 

... մինչ տրիոյի վերադարձը, նկատում ենք հոտնկայս ծափահարող Տիգրան Մանսուրյանին...

Տրիոն, իհարկե, վերադառնում է և հնչեցնում «Հով արեք»-ը՝ վերջնականապես ոտքի հանելով ամբողջ հանդիսականին: 

Ծափեր, ծափեր, ծափեր... Երևանը, վստահաբար, սպասելու է Համասյանի հաջորդ համերգին: