Հայկական և վրացական ֆիլմերը ցուցադրվել են երկու երկրների տարբեր քաղաքներում: «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամը՝ Վրաստանի «Պրոմեթևս» կինոարվեստի կենտրոնի հետ նախաձեռնել է մի նոր նախագիծ, որը կոչվում է «Կինոէքսպրես: Հայաստան-Վրաստան»: Ծրագիրն իրականացվել է «Հայնրիխ Բյոլ հիմնադրամի» Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի աջակցությամբ, ՀՀ մշակույթի նախարար ության և Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարության հովանավորությամբ: Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ցուցադրվել են վերջին տարիներին արտադրված հայկական և վրացական կինոնկարները:


«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանն ընդգծեց, որ երազել է նման ծրագիր կազմակերպել:

«Վրաստանի և Հայաստանի մշակույթի նախարարություններն ուրախությամբ համաձայնեցին աջակցել «Կինոէքսպրես: Հայաստան-Վրաստան» ծրագրին: Բոլորը հասկանում էին նման իրադարձության կարևորությունը: Հայերն ու վրացիներն իրար կողք են ապրում, բայց իրար չեն ճանաչում, իսկ կինոն ճանաչելու լավագույն միջոցն է: Երկու երկրներում անցկացված բոլոր կինոդիտումները մեծ հետաքրքրության են արժանացել, դահլիճները լեցուն էին, շատ լավ ընդունեցին մեզ: Շատ ոգևորիչ է, շնորհակալ եմ երկու երկրների մշակույթի նախարարներին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Հարություն Խաչատրյանը:

 

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյաննընդգծեց, որ ծրագրում ընդգրկված էին հիմնականում այն ֆիլմերը, որոնք ներկայացվել էին «Ոսկե ծիրան»-ին և Թբիլիսիի միջազգային կինոփառատոնին:

 

«Ֆիլմերից երկուսն այս տարվա «Ոսկե ծիրան»-ի մրցանակակիրներն էին՝ Լուսինե Սարգսյանի «Շքամուտքը» և Ջիվան Ավետիսյանի «Թևանիկը»,-նշեց նա: Սուսաննա Հարությունյանը հավելեց, որ ծրագիրը կավարտվի դեկտեմբերի 4-ին Թբիլիսիի միջազգային կինոփառատոնի շրջանակում: Հանրությունը կդիտի Ջիվան Ավետիսյանի «Թևանիկը»:

 

«Նախատեսված է այնտեղ կազմակերպել ամփոփիչ ասուլիս, հուսով ենք, որ հաջորդ տարի էլ կանցկացվեն կինոդիտումներ, սակայն դա կախված է ֆինանսավորումից»,-հավելեց «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրենը:

 

Կինոքննադատ, ծրագրի պատասխանատու Րաֆֆի Մովսիսյանը նշեց, որ հայկական ֆիլմերը ներկայացվում էին վրացերեն, իսկ վրացերեն կինոնկարները՝ հայերեն ենթագրերով:  «Իրականացվել են փակ և բացօթյա ցուցադրություններ, հուսով ենք, որ ծրագիրը շարունակական բնույթ կկրի, և կկազմակերպվեն կինոէքսպրեսներ Հայաստանի և այլ երկրների միջև»,-նշեց նա:

 

Կինոռեժիսործրագրի մասնակից Լուսինե Սարգսյանը ոգևորված է, որ իր դեբյուտային աշխատանքը՝ «Շքամուտք» ֆիլմը մասնակցել է ծրագրին:

 

«Ինձ համար շատ կարևոր էր տեսնել հատկապես մարզերի բնակիչների ոգևորությունը: Ուրախալի է, որ նրանք հնարավորություն ունեին դիտել կինոնկարները »,-հավելեց նա:

 

Նախագծի պաշտոնական ներկայացումը տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» Երևանի 11-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում՝ հուլիսի 17-ին կազմակերպված եռակողմ մամուլի ասուլիսի ժամանակ: Այն կամփոփվի դեկտեմբերին Թբիլիսիում: «Կինոէքսպրես. Հայաստան - Վրաստան» նախագիծն իրականացվել է Հայաստանում և Վրաստանում սոցիալ-մշակութային փոխանակման նախաձեռնությունների շրջանակում:

 

«Փառատոն անիվների վրա» («Հյուր փառատոն») ձևաչափն ունեցող «ԿինոԷքսպրես. Հայաստան-Վրաստան» ծրագիրը իրականացվել է տասը վայրերում. Հայաստանում՝ Երևանում, Գյումրիում, Ամասիայում, Վանաձորում, Ալավերդիում, Վրաստանում՝ Ախալքալաքում, Նինոծմինդայում, Ախալցխայում, Բորժոմում, Թբիլիսիում:

 

Ծրագրի նպատակն էր հարևան երկրների երկխոսության և բարեկամական կապերի ամրապնդման միջոց դարձնել կինոմշակույթը, ինչպես նաև խթանել սոցիալական արդարության հաստատումը՝ սոցիալական տարբեր շերտերի մարդկանց հասանելի դարձնել որակյալ արտադրանքը: Երկու երկրներում էլ առկա է սահմանամերձ գոտիներում բնակվող մարդկանց մշակութային կարևոր իրադարձություններին ինտեգրելու խնդիրը: