Life.panorama.am-ի այսօրվա հյուրը դերասանուհի Անահիտ Մութաֆյանն է, ով, կարծես թե, որքան համարձակ ու անկաշկանդ է բեմում, նույնքան զուսպ ու հավասարակշռված է կյանքում: Դերասանուհին մեզ հետ անկեղծացավ թատերական աշխարհում երիտասարդների ժամանակակից խնդիրների, իր ժամանակավոր մեկուսացման, ինչպես նաև անձնական հարցերի շուրջ:


-Անահիտ, այժմ ինչո՞վ եք զբաղված:

-Իմ շատ սիրելի գործով. Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում եմ՝ լծված աշխատանքի ու բուռն ստեղծագործական կյանքի:

 

-Իսկ Ձեր այսօրվա հեռուստատեսային լռությունը ինչո՞վ է պայմանավորված:

-Յուրաքանչյուր մարդու կյանքում գալիս է մի պահ, երբ մարդ փորձում է ու ուզում է մտնել իր կաղապարի մեջ ու այնտեղ ապրել՝ բոլորից հեռու, բոլորից առանձին: Իմ կյանքում  ևս եկավ նման պահ, երբ ես էլ մտա իմ խեցիի մեջ, հրաժարվեցի սերիալներից, հրաժարվեցի տարատեսակ հեռուստատեսային հաղորդումների մասնակցելուց: Սա նաև վիրավորվածության արդյունք է:

 

-Վիրավորանքի՞:

-Այո, քանզի հանրությունը չի գնահատում ճիշտ խոսքը և յուրաքանչյուր հաղորդումից հետո մեր քոմենթագրերը, ոտնահարելով էթիկայի բոլոր կանոնները, մոռանալով կոռեկտության մասին՝ հարձակումներ էին գործում ինձ վրա, իսկ ես տեսակով ուղիղ մարդ եմ ու չեմ կարող կեղծել: Եթե ինչ-որ սխալ եմ տեսնում, ապա արտահայտվում եմ, իսկ հանրությունը չի ընդունում դա:

 

-Որպես երիտասարդ դերասանուհի, գո՞հ եք այսօրվա զբաղվածությունից, մշակույթում տիրող մթնոլորտից:

-Իհարկե ոչ, գոհ չեմ, այսօր հայ մշակույթը գնում է դեպի լճացում, բազմիցս եմ խոսել այս մասին, անգամ վերջերս հնարավորություն ունեցա այս հարցը բարձրացնել ԱԺ ում. թատրոններում բեմադրությունները քիչ են, երիտասարդներս՝ շատ, ու կարծես հերթ չի հասնում նորմալ դերեր խաղալու: Այս ամենը բերում է հիասթափության, հետո՝ թատրոնից գնալու ցանկության, ապա՝ երկիրը լքելու մտադրության: Եթե այսպես շարունակվի, մի քանի տարի հետո թատրոններում երիտասարդներ չեն մնա, նրանք նույնպես կբռնեն օդանավակայանի ճամփան և երկիրը կհայաթափվի:

 

Շարունակությունը` այստեղ: