Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված նոր տեսահոլովակ է նկարահանվել, որը կոչվում է «Արարատն է վկա»: «Աշխարհի մարդիկ» հիմնադրամը հոկտեմբերի 24-ին հանրությանը ներկայացրեց «Արարատն է վկա» երաժշտական նախագիծը: Տեսահոլովակը կոմպոզիտոր և բառերի հեղինակ Էլինա Սամարինայի, երգի կատարող Էդուարդ Մհերի տեսահոլովակի գաղափարի հեղինակ և ռեժիսոր Սերժ Գաբյանի, պրոդյուսեր Ստեֆան Հեքիմյանի և նախագծի տնօրեն Աննա Նազարուկի  համագործակցության արդյունքն է:


Տեսահոլովակի պրոդյուսեր Ստեֆան Հեքիմյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր պապը Եղեռնից մազապուրծ հայերից էր և շատ էր պատմում անցյալի մասին: «Պապս այն աստիճան էր խորանում հիշողությունների մեջ, որ արցունքները հոսում էին նրա աչքերից: Մոտ 3-4 ամիս առաջ Էլինա Սամարինա անունով մի հայուհի ինձ ներկայացրեց իր երգը: Երբ լսեցինք այն, մեր ներսում ամեն ինչ խառնվեց իրար: Որոշեցինք փոքրիկ ֆիլմ պատրաստել՝ աշխարհին մեր ցավը ներկայացնելու համար»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Ստեֆան Հեքիմյանը:

 

 

 

Տեսահոլովակը նկարահանվել է անգլերեն և ռուսերեն: Նախաձեռնողները փաստում են, որ իրենց նպատակն էր խնդիրը ներկայացնել օտարներին: Ստեֆան Հեքիմյանի խոսքով՝ իրենք այն փորձելու են ներկայացնել նաև Թուրքիայում:

 

Տեսահոլովակի գաղափարի հեղինակ և ռեժիսոր Սերժ Գաբյանի խոսքով՝ ինքը կոնկրետ մեկ պատմության վրա չէր ուզում ստեղծել այս ամենը, այլ՝ մի քանի պատմությունների: «Մեզ համար կարևորն ասելիքը հնարավորինս շատ մարդկանց հասցնելն է: Տեսահոլովակը Երևանում է նկարահանվել այս տարվա օգոտոսին և բավականին մեծ թիմ է աշխատել դրա վրա: Իր ձևաչափով այն տեսահոլովակ է, բայց իմաստով ֆիլմ է հիշեցնում»,-նշեց նա:

 

 

 

Նախաձեռնողների խոսքով՝ իրենք պատրաստվում են շուտով Հայոց ցեղասպանության մասին գեղարվեստական ֆիլմ նկարահանել, որը կներկայացնեն հաջորդ տարի:

«Աշխարհի մարդիկ» հիմնադրամը գործում է Ռուսաստանում և այլ երկրներում: Հիմնադրամի հոգաբարձուներն են Արթուր Չիլինգարովը, Նիկիտա Սիմոնյանը, Բագրատ Ալեքյանը և այլ հայտնի հայեր: Այն գործում է մի շարք կազմակերպությունների օժանդակությամբ: Հայաստանում նախագծի ներկայացմանը օժանդակել է ՀՀ սփյուռքի նախարարությունը: