Համազգային հայ կրթական և մշակութային միության «Վահե Սեթյան» հրատարակչատան նախաձեռնությամբ հոկտեմբերի  14-21-ը Բեյրութում տեղի է ունեցել հայ գրքի ցուցահանդես, որին ներկայացված էին լիբանանյան, ստամբուլահայ և հայաստանյան հրատարակչությունների վերջին տարիներին հրատարակած առավել արժեքավոր գրքերը:  


Հայաստանից ցուցահանդեսին մասնակցել են ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետ Սեյրանուհի Գեղամյանը, Հայաստանի հրատարակիչների ազգային ասոցիացիայի նախագահ, «Էդիթ Պրինթ» հրատարակչության տնօրեն Մկրտիչ Կարապետյանը, «Պրինթ ինֆո-Սարգիս Խաչենց» հրատարակչության տնօրեն Արամ Մեհրաբյանը, «Զանգակ» հրատարակչության գործադիր տնօրեն Էմին Մկրտչյանը, «Բուկինիստ» գրախանութների միավորման տնօրեն Խաչիկ Վարդանյանը, Խնկո-Ապոր անվան մանկական գրադարանի տնօրենի տեղակալ Մադլեն Հովսեփյանը: Ներկայացված էին Հայաստանում գործող շուրջ 20 հրատարակչությունների գրքեր:


Ցուցահանդեսի բացմանը ներկա է եղել և ելույթով հանդես է եկել Լիբանանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Քոչարյանը: 


Ցուցահանդեսի ընթացքում տեղի են ունեցել քննարկումներ հայ գրքի տարածման նոր հնարավորությունների, գրքի միջոցով Հայաստան-Սփյուռք հարաբերությունների փոխհարստացման, հայոց լեզվի և ընթերցանության առջև ծառացած խնդիրների և այլ հարցերի շուրջ: 


Հայաստանյան պատվիրակությունն այցելել է հայկական կրթական հաստատություններ, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն, հանդիպումներ ունեցել կրթական և մշակութային գործիչների հետ, ծանոթացել Բեյրութում և տարածաշրջանում հրատարակչական գործի զարգացումներին և առկա խնդիրներին:

 

Հանդիպումների արդյունքում բեյրութահայ համայնքը ամբողջական տեղեկություն է ստացել Հայաստանի հրատարակչական ոլորտի ձեռքբերումների, ապագա ծրագրերի վերաբերյալ, որոնցում զգալի տեղ են գրավում սփյուռքի պահանջներին համահունչ գրականության հրատարակման ծրագրերը: