Աշխարհահռչակ սոպրանո Մոնսերատ Կաբալյեի երկրորդ այցը Արցախ հիմք է դրել նոր համագործակցության, որի նպատակն է Արցախում ոչ միայն զարգացնել օպերային արվեստը, այլեւ ճանապարհ հարթել արցախցի տաղանդներին միջազգային բեմերում ելույթների համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԼՂՀ  մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը ներկայացնում է Կաբալյեի ա յցի մանրամասներն ու նոր համագործակցության ծրագրերը:


-Տիկին Աղաբալյան, Մոնսերատ Կաբալյեի առաջին այցը մեծ աղմուկ բարձրացրեց հատկապես Ադրբեջանում: Ենթադրվում էր, որ աղմուկը կխոչընդոտի Կաբալյեի հետ հետագա համագործակցությանը: Սակայն ստացվեց հակառակը:


-Այո, դուք իրավացի եք: Առաջին ացի ժամանակ, երբ Կաբալյեն եկավ Արցախ ու ճանաչեց այն, խոստացավ, որ համագործակցությունը կշարունակվի եւ որ ինքը պատրաստ է նաեւ վարպետության դասերով աջակցել արցախցի երիտասարդներին: Խոսել էինք այդ թեմայով, բայց չէինք պատկերացնում, որ նա նորից կգա Արցախ: Շատ դժվար է այդ տարիքում, այդ առողջական վիճակով նման ճանապարհ հաղթահարել, եւ նաեւ դրանով է թանկ այս այցը, որ իմանալով` ուր է գնում եւ ինչ դժվարություն է  հաղաթահարելու, եկավ Արցախ: Երգչուհուն ուղեկցում էին աղջկա ընտանիքը, թոռնիկը, նվագակցող երաժիշտն ու երգիչներ:

 

Դեռեւս նախորդ տարի Փարիզում նա խոստացավ գալ և Ստեփանակերտում համերգ տալ: Իր մեջ պահանջ ծնվեց, որ անպայման պետք է արցախցիների համար երգի: Հետաքրքրական է, որ Կաբալյեն նամակ էր գրել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին` ասելով, որ ինքը շատ ուրախ է ծանոթանալ մեր երկրին, ժողովրդին եւ եկեղեցուն: «Դուք պատրաստվում եք նշել խաղաղության հաստատման քսանամյակը, ես կգամ և ձեզ հետ կտոնեմ այն: Պատրաստ եմ իմ բոլոր ծրագրերը փոխել, որպեսզի իմ ընկերներն էլ կարողանան ինձ հետ գալ Արցախ»,- ասված էր նամակում: Եվ մեզ համար սա կրկնակի ուրախություն ու մեծ պատիվ էր, այ սպիսի պատրաստակամություն տեսնել նման մեծության կողմից և պայմանավորվածության համաձայն էլ համերգ կազմակերպվեց Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում:

 

-Արցախցին ինչպե՞ս ընդունեց Կաբալյեին:


-Արցախցին շատ ջերմորեն ընդունեց: Երկրպագուները նրան ուղեկցում էին ամենուր: Նա այցելեց վերջերս վերանորոգված երաժշտական քոլեջ, որտեղ տեղի ունեցավ Մոնսերատ Կաբալյեի անվան երգեցողության մասնագիտացված դասարանի բացումը: Գիտեք, օպերային արվեստի տեսակետից Արցախը լավ նախադյալներ ունի: Պետք է բացահայտել եւ զարգացնել տաղանդները, եւ այս ուղղությամբ լուրջ ու հետեւողական աշխատանք է կատարվում, մանսնագիտական դասարանի բացումն էլ այդ գործունեության սկիզբն է:

 

Այսօր էլ Արցախում օպերային ներկայացումներ բեմադրվում են, բայց կրթական մակարդակով լուրջ քայլեր է պետք կատարել, եւ խնդրեցինք Կաբալյեի աջակցությունը, որ իր խորհրդով ու աջակցությամբ հրավիրենք մասնագետների, ովքեր կգան եւ վարպետության դասեր կտան Արցախում: Նա համաձայնեց աջակցել այդ հարցում, նաեւ լսեց մեր երգիչներին, երաժիշտներին: Հատկապես հավանեց ջութակահար Դավիթ Հակոբյանին եւ ցուցադրած վարպետության համար նրան անվանեց վիրտուոզ: Կաբալյեն ցանկություն հայտնեց, որ Դավթին ամբողջ աշխարը լսի, եւ մեր համագործակցության մի ողղությունն էլ կլինի արցախցի երաժիշտների համար ճանապարհ հարթելը դեպի միջազգային բեմեր: 

 

-Ստացվում է, որ քաղաքական առումով Արցախը չճանաչված պետություն է, բայց մշակութային առումով ավելի բարձր է, քան մի շարք ճանաչված պետություններ: 


-Ես միայն ուրախ եմ դրա համար: Մեր խնդիրն է ցույց տալ աշխարհին, որ Արցախը ոչ թե հակամարտող պետություն է, ագրեսոր, այլ քաղաքակիրթ, մշակութաստեղծ, հարուստ պատմություն ունեցող երկիր: Մշակույթի միջոցով  մեր բարեկամների թիվն ավելանում է: Մարդիկ, ովքեր այդքան էլ սկզբունքային չեն, ընկրկում են Ադրբեջանի սովորական դարձած վայնասունի, հիստերիկ ջղաձգումների դեմ, մարդիկ ովքեր կայուն են եւ ապրում են իրական արժեքներով, իրենց առջեւ խոչընդոտներ չեն տեսնում:

 

Որքան փորձում են արգելել, այնքան ավելի հաստատակամ են իրենց ցանկություններում: Անցյալ անգամ Ադրբեջանը փորձեց կասեցնել եւ չստացվեց: Կաբալյեին սև ցուցակում ընդգրկեցին, հետո հասկացան, որ առնվազն ապուշություն է իրենց արածը եւ համերգի հրավեր ուղարկեցին նրան: Բայց երկրորդ անգամ Արցախ այցելելով` Կաբալյեն ցույց տվեց, որ ազատ է իր ընտրության մեջ ու ինքն է ընտրում իր բարեկամներին եւ, կարծում եմ, շատ հարցերի պատասխան տվեց:

 

 -Այլ աշխարհահռչակ աստղերի հետ համագործակցո՞մ եք:


-Այո, և սպասվոմ են նոր նախաձեռնություններ, ուղղակի հաշվի առնելով Ադրբեջանի` արհեստական խոչընդոտներ ստեղծելու հավանականությունը, մենք չենք հայտարարում նախապես այդ մասին: Շատերի հետ ենք համագործակցում և շատ մեծ նախագծեր ունենք: Սահմանել ենք նշաձող, որն իջեցնել չենք կարող և ամենահետաքրքրականն այն է, որ յուրաքանչյուրն, ով հաղթահարում է դժվարությունն ու այցելում Արցախ, սիրահարվում է մեր երկրին: Ով չի գալիս, իր գործն է:

 

Աշխարհում բոլոր ժողովուրդներն ու մարդիկ ունեն նույն իրավունքը, եւ պետք է դա հաշվի առնել: Անհեթեթություն է մարդկանց ասել` դուք իրավունք չունեք շփվելու այսպիսի մեծությունների հետ կամ հանդես գալու մեծ բեմերում, քանի որ դուք ճանաչված չեք: Մեզ ճանաչում են շատ հայտնի մարդիկ, որոնց կարծիքը հեղինակավոր է, ովքեր իսկապես  կշիռն ունեն: Մեզ ճանաչում են ժողովուրդներ, իսկ քաղաքական իշխանությունները թող ճանաչեն այն ժամանակ, երբ իրենք հարմար կգտնեն: 


-Եթե ամփոփելու լինենք մշակութային տարին, ինչպիսի՞ն էր այն Արցախի համար:


-Տարին արդյունավետ էր: Երկու ողղություն կառանձնացնեմ` մշակութային կրթություն ու մշակութային համագործակցություն: Մշակութային կրթության ոլորտում բարեփոխումներ են կատարվել, եւ շեշտը դրվել է այն բանի վրա, որ Արցախում մյուս արվեստները զարգանան, ապահովենք արվեստների զարգացման համաչափությունը: Բոլոր շրջաններում ունենք երկու տասնյակ երաժշտական դպրոցներ, և, բնականաբար, միայն երաժշտարվեստն էր զարգանում, իսկ մնացած արվեստները մանկապատանեկան կենտրոնների մակարդակով էին զարգանում: Այս տարի սեպտեմբերից վերակազմակերպեցինք արվեստի բոլոր դպր ոցները, որ զարգացնենք կիրառական արվեստը, կերպարվեստն ու պարարվեստը նույնպես:

 

Ինչ վերաբերում է մշակութային երկխոսությանն ու ինտեգրմանը, ապա դա տարբեր ձեւերով է արվում: Այս տարի ՀՀ առաջին տիկնոջ հովանավորությամբ Շուշիում կայացավ օպերայի ներկայացում, եւ ռուս հայտնի օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայան խոստացավ հաջորդ տարի Արցախում բեմադրել Վերդիի «Ռեքվիեմ»-ը: Սա նորից ենթադրում է մշակութային համագործակցություն: Այժմ աշխատանքներ են ընթանում քանդակների պուրակի բացման ուղղությամբ: Այս տարի երեք նոր թանգարան է բացվել Շուշիում , ինչը նույնպես շատ կարեւոր է թանգարանային գործի եւ մշակութային զբոսաշրջության գրավչության բարձրացման առումով:

 

 

Հարցազրույցը` Հասմիկ Հարությունյան