Թվում էր՝ ուսումնական տարին նոր է սկսվել, բայց ահա՝ արդեն միջանկյալ քննությունների ժամանակն է. ամեն բան իրար է խառնվել, իսկ նախաքննական սթրեսը քեզ ուղղակի հանում է հունից:

 

Իրականում սարսափելի ոչինչ չկա:) Հազարավոր ուսանողներ են անցել այդ ճանապարհով ու պետք չէ քննությունների նախապատրաստական շրջանը դարձնել կյանքի և մահու հարց: Իհարկե, սա ամենևին չի նշանակում, թե պետք է անլուրջ մոտենալ քննություններին. ծածկագրերի զանազան տարբերակները քեզ համար չեն, չէ՞ որ կարող ես պարապել ու ապացուցել, որ դու լավագույնն ես:)

 

Դե ինչ, սկսում ենք պարապել ամենայն լրջությամբ, իսկ  նախաքննական սթրեսը հաղթահարելու համար կարող ես նկատի ունենալ հետևյալ խորհուրդները :)

 

 

1. Դու պետք է առույգ լինես:)


Նախ՝ մի լավ քնում ես, ուժերդ վերականգնում, որպեսզի կարողանաս «թարմ գլխով» պարապել և սովորածդ տեղ հասնի:) Գիշերները շարունակ ուշ քնելը, իսկ քննության նախօրեին առհասարակ չքնելը միայն խլում են ուժերդ և նվազեցնում աշխատունակությունդ:

 

2. Կյանքը շարունակվում է:)


Քննություններին նախապատրաստվելիս չպետք է մոռանալ, որ կյանքը շարունակվում է. ընկերների հետ հանդիպումը, հաճելի ժամանց անցկացնելը կցրի լարվածությունդ: Սակայն նախաքննական շրջանում չպետք է մոռանաս ժամանակի մասին: Ընկերներին ժամանակ տրամադրելն ամենևին չի նշանակում ամբողջ օրն անցկացնել նրանց հետ: Պետք է պատշաճ ժամանակ տրամադրես դասերդ սովորելուն:

 

3. Հաճելի մթնոլորտ ստեղծիր քեզ համար:)


Հաճելի միջավայրը կարող է ավելի մեծ ազդեցություն ունենալ քեզ վրա, քան ենթադրում ես: Թափթփված սենյակի մթնոլորտը լավագույնը չէ, հատկապես, երբ լարված ես: Այնպես որ, մի քանի րոպե տրամադրիր ու հավաքիր սենյակդ, այնուհետև սկսիր պարապել: Կտեսնես, թե որքան ես հանգստանում:

 

Եթե երաժշտությունը քեզ չի խանգարում, կարող ես միացնել որևէ հաճելի երաժշտություն ու խորանալ լեկցիաներիդ, գրքերիդ մեջ:)

 

 

4. Չենք մոռնանում «+»-իկների մասին:)


Կազմիր թեմաների ցանկն ու սկսիր «+»-իկներ շարել իմացածդ թեմաների դիմացը:) Սկզբի համար կարող ես կարճ ժամանակում մի քանի հեշտ թեմա սովորել ու արագ-արագ ավելացնել «+»-իկներդ:) Երբ տեսնում ես, որ կան մի շարք թեմաներ, որոնք արդեն սովորել ես, ենթագիտակցաբար սկսում ես դրական տրամադրվել, անգամ, եթե առջևում ամենաբարդ հարցերն են: Վստահեցնում եմ՝ աշխատող միջոց է:)

 

5. Խմբային պարապմունքներն ավելի թեթև են անցնում:)


Եթե կարողանում ես ընկերներիդ հետ պատրաստել դասերդ, հրաշալի է. խմբային պարապմունքներն ավելի թեթև են անցնում:) Նրանց հետ ուսումնական նյութը սերտելուց, չհասկացածը միմյանց բացատրելուց, իրար «հույս տալուց» հաճելի բան չկա:) Սա միանշանակ քչացնում է լարվածությունը, սակայն այս ռիսկին պետք է դիմել, եթե վստահ ես, որ պարապելուց տասը րոպե անց չեք սկսի շատախոսել ու մոռանալ՝ ինչի համար եք հավաքվել:)


Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը