Երեկ դերասանուհի Մարիամ Մելիքյանի հարսանքին է: Նախօրեին ESem.am-ի հետ զրույցում Մարիամն ասաց, որ ավանդական երթուղիով, հայկական «տաշի-տուշի»-ով հարսանիքն են անելու, սակայն պսակադրության արարողություն չի լինելու, զույգն իր միությունը չի ամրագրելու նաև զագսում:

 

«Քանի որ մեր ընկերներից շատերն արտերկրում են, փեսացուս էլ Անգլիայի քաղաքացի է,  ևս մի հարսանիք կանենք, որը հավանաբար Անգլիայում կկայանա: Եկեղեցի և զագս կգնանք մեր երկրորդ հարսանիքին»,- ասաց Մարիամը:

 

 

Հարսանիքի նախապատրաստական աշխատանքներով դերասանուհին  է զբաղվել: Նրա փոխանցմամբ՝ թեև դիմել է ոճաբանների օգնությանը, ամեն բան եղել է իր ճաշակով և վերջնական որոշմամբ: Մարիամի խոսքով՝ ընտրյալի՝ Գոռի հետ պայմանավորվել են, որ այս հարսանիքն ինքն է կազմակերպելու, երկրորդը՝ նա:

 

Հարսնացուից տեղեկացանք, որ ամեն բան սպիտակի և մանուշակագույնի համադրությամբ է արել: Մարիամը մինչև վերջին օրը թաքուն է պահել  հարսանեկան զգեստը՝ հավատարիմ մնալով ավանդույթին: «Ընտրել եմ իմ երազանքների զգեստը. շատ գեղեցիկ, եթերային զգեստ է»,-ESem.am-ին ասաց նա ու հավելեց, որ երկրորդ հարսանիքին այլ զգեստ է հագնելու: Այլ են լինելու նաև ամուսնական մատանիները:

 

Մարիամի փոխանցմամբ՝ չամուսնացած աղջիկների համար նախատեսված ծաղկեփունջը կոնֆետներից է լինելու. «Իմ կարծիքով՝ ամուսնությունը շատ քաղցր բան է, և ուզում եմ այդ քաղցրությունը փոխանցել աղջիկներից մեկին: Իսկ ծաղկեփունջս հավանաբար կնվիրեմ հարսնաքրոջս»:

 

 

Դերասանուհին հայտնեց, որ ավանդական հարսի պար չի պարելու: «Պարելու եմ հարսի պար, կեսից երաժշտությունը փոխվելու է և ակտիվ  պար եմ պարելու բրեք-դանս  պարող տղաների հետ: Գոռի հետ պար չենք բեմադրել, քանի որ նա 2 օր առաջ է եկել Հայաստան,- ասաց Մարիամն ու հավելեց, որ ևս երկու պար է ներկայացնելու: -«Ամարասի» աղջիկների հետ և՛ պարելու եմ, և՛ երգեմ: Կներկայացնեմ Օլգա Այվազյանի «Կինդ դարձա»  երգը: Արման Անտոնյանն ինձ երգ էր նվիրել, սակայն չցանկացա կատարել այն: Երգը շատ լավն էր, սակայն լսելիս զգացի, որ իմը չէ: Եթե մի բան չեմ ուզում, ստիպողաբար չեմ անում, բացի այդ, ես պրոֆեսիոնալ երգչուհի չեմ, անպայման չէ իմ անհատական երգն ունենամ»:

 

Զույգի քավորը լինելու է Գոռի ընկերը, հարսնաքույրը՝ Մարիամի ընկերուհին, իսկ ազաբը՝  Գոռի զարմիկը: Մարիամը նշեց, որ հարսանիքին ներկա են լինելու մարդիկ, ում հետ իրենք իսկապես մտերիմ են, ամենօրյա շփում ունեն: Թվով 100 հյուրերի շարքում են լինելու դերասանուհու աշխատանքային ընկերները՝ «Ֆուլ հաուս» նախագծի ամբողջ անձնակազմը՝ բացառությամբ Միհրան Ծառուկյանի, ով երեկ մեկնել է երկրից, «Yere1»-ի անձնակազմը և այլք:

 

 

Ամուսնությունից հետո նրանք մեկնելու են Անգլիա: Մարիամի փոխանցմամբ՝ Հայաստան կվերադառնա նոյեմբերի կեսին՝ շարունակելու նկարահանումները: Դերասանուհին դժվարացավ ասել՝ հնարավո՞ր է հետագայում բնակության մեկնեն Անգլիա, սակայն ասաց, որ դա որևէ կերպ չի անդրադառնա իր աշխատանքի վրա: Զույգը մեղրամսի կմեկնի Ամանորին:

 

«Առաջիկայում դեռ պետք է երկրորդ հարսանիք կազմակերպենք, ինչից հետո կսկսվեն ամանորյա նկարահանումները: Դրանից հետո միայն կմեկնենք մեղրամսի: Թեև առաջին անգամ եմ լինելու Անգլիայում, ցանկանում եմ մեղրամիսս անցկացնել էկզոտիկ երկրում, և այս այցը մեղրամիս չեմ համարում»,- ասաց նորահարսը:

 


Շնորհավորեց Ամալյա Հովհաննիսյանը