Վեջերս «Փոքրիկ փեսացուն» գեղարվեստական ֆիլմում որպես դերասնուհի հանդես եկած երգչուհի Լիդուշիկը նորություն ունի :) Առաջիկա օրերին կկայանա նրա նոր` «Փոքրիկ Հայաստան» տեսահոլովակի պրեմիերան, որը նկարահանվել է Դիլիջանում՝ երեք օրում:

 

Տեսահոլովակում նկարահանվել են դերասաններ Ռուբեն Կարապետյանը` պապիկի, Աշոտ Տեր-Մաթևոսյանը` գլխավոր հերոսուհու` Լիդուշիկի հոր, Օֆելյա Զաքարյանը` երգչուհու կերպարային մոր և Լորանդ Դեմիրճյանը՝ գյուղացու դերերում:

 

 

ESem.am–ի հետ զրույցում Լիդուշիկը շատ ոգևորված պատմեց, որ երկար ժամանակ ցանկացել է Հայաստանի մասին այնպիսի երգ ներկայացնել, որն ամբողջությամբ կարտահայտեր իր հույզերը, ապրումներն ու զգացմունքները: «2014-ի սկզբին իմ երաժշտական պրոդյուսերն ինձ մատուցեց հերթական անակնկալը: Նա գրեց այնպիսի երաժշտություն և խոսքեր, որ անհնար էր լսել առանց խոր զգացմունքների: Դա հենց այն երգն էր, որին սպասում էի: Երկար մտորումներից հետո որոշեցինք այն հանդիսատեսին ներկայացնել տեսահոլովակի տեսքով»,- ասաց երգչուհին:

 

 

Ըստ Լիդուշիկի` տեսահոլավակի նկարահանման ընթացքը հիանալի է անցել. շնորհիվ փորձառու դերասանների ու գործընկերների՝ եղանակային անբարենպաստ պայմաններում կարողացել են կարճամետրաժ ֆիլմ հիշեցնող հոլավակ նկարահանել: «Ես դեռ չեմ ունեցել նման տեսահոլավակ: Կարծում եմ` հիանալի է ստացվել: Այն հայրենասիրական, դաստիարակչական ոգի ունի: Ներկայացնում ենք 20-30 տարի առաջվա պատմություն, որն այսօրվա համար էլ շատ արդիական է:

 

Տեսահոլովակում ներկայացված է գյուղում բնակվող դպրոցական աղջկա կյանքն ու ապրումները, երբ ծնողների հետ մեկնում է Հայաստանից: Հերոսը` ես, կարճ ժամանակ օտարության մեջ ապրելուց հետո կարողանում է համոզել ծնողներին ու հետ բերել հայրենիք՝ հարազատ գյուղ, պապական տուն: Հերոսուհին ցույց է տալիս, որ որքան էլ աշխարհում գեղեցիկ, հզոր ու հարուստ պետություններ կան, միևնույնն է, մեր հայրենիքը մեզ համար ամենաթանկն է»,- ասաց երգչուհին:

 

 

Լիդուշիկի տատիկի՝ տկն Գոհարի խոսքով՝  ռեժիսորը  ցանկացել է տեսահոլովակը ֆիլմի վերածել, բայց այն ամփոփել է մի քանի րոպեում: Ամեն դեպքում, ըստ նրա, դրանից որակը չի տուժել:

Տկն Գոհարի հավաստմամբ` Լիդուշիկի երգացանկում առաջիկայում գերակշռող կլինեն հայրենասիրական երգերը: «Այս տարիների ընթացքում հասկացել եմ, որ Լիդուշիկը վարակիչ հատկություն ունի. շատ երեխաներ լսում ու հաճախ կրկնօրինակում են նրան, ինչից մենք մեզ է՛լ ավելի պարտավորված ենք զգում:

 

Մինչ այս ունեցած ավելի թեթև թեմատիկայով երգերով էլ կամփոփենք մանկական երգերի շարքն ու կանցնենք հայրենասիրականներին, որպեսզի մեր կատարած գործն ինչ-որ չափով դաստիարակչական բնույթ ունենա: Եթե նույնիսկ մեկ-երկու երեխա էլ լսի և ընդօրինակի, արդեն իսկ մեծ գործ արած կլինենք»,- եզրափակեց երգչուհու տատիկը:

 

 

 


Ներկայացրեց Մերի Պողոսյանը