Մոսկվա կինոթատրոնում երեկ կայացել է «Մեր Երևանը» վավերագրական ֆիլմի պրեմիերան, որում իր մասնակցությունն է ունեցել նաև Երևանի Հ. Պարոնյանի անվան դերասանուհի Սոնա Մուրադյանը:

 

 

«Շատ ուրախ եմ, որ մեր քաղաքի մասին պատմող այս կոլորիտային ֆիլմում իմ մասնակցությունն եմ ունեցել, թեկուզ փոքր դրվագներով: Երբեք չէի մտածում, որ կարող եմ այս տեսակ ֆիլմում ևս նկարահանվել, քանի որ այստեղ որպես դերասանուհի չեմ ներկայանում»,-ասաց նա և ավելացրեց, որ ֆիլմի ընթացքում քաղաքի տարբեր հատվածներից՝ Կասկադից, Հանրապետության հրապարակից, Մատենադարանից և Հյուսիսային պողոտայից, տարբեր լեզուներով ասել է «Մեր Երևանը»: Դերասանուհու  մասնակցությամբ հատվածները ֆիլմում անցումներ են եղել, որով էլ կադրը փոխվել է ու ներկայացվել է քաղաքի մեկ այլ անկյունը:

 

 

Ըստ դերսանուհու՝ նույնիսկ բնիկ երևանցիները, ովքեր թվում է՝ քաղաքի ամեն անկյունին ծանոթ են, ֆիլմում նոր բացահայտումներ կանեն: «Կարծում եմ՝ ստացված նախագիծ է, քանի որ Երևանի մասին պատմող վերջին վավերագրական ֆիլմը նկարահանվել է 80-ականներին»,- նշեց դերասանուհին:

Մոտ մեկ ժամ տևողությամբ «Մեր Երևանը» ֆիլմի ռեժիսորը Արսեն Ասլանյանն է, ումից էլ դերասանուհին ստացել է առաջարկը:

 

 

Սոնայի խոսքով՝ պրեմիերայից հետո արվեստագետներից միայն դրական արձագանքներ են ստացել: Դերասանուհու փոխանցմամբ՝ ֆիլմում նկարահանվելն իրեն տվել է մեկ օր պրոֆեսիոնալ մարդկանց հետ աշխատելու հնարավորություն: «Չնայած ֆիլմում իմ հատվածներն այնքան էլ մեծ չեն, ընդամենը մի քանի վայրկյան եմ երևում, իրականում մեծ աշխատանք է արվել»,- ասաց դերասանուհին և հիշեց, որ անցած ձմռանը նկարահանված ֆիլմի տեսարաններից մեկում էլ ստիպված է եղել ցուրտ եղանակին կարճաթև զգեստով կանգնել Հանրապետության հրապարակում և նկարահանվել: «Անցնող բոլոր մարդիկ երևի նայում էին ինձ ու մտածում՝ այս գիժն ո՞վ է:) Այդ մի քանի րոպեների ընթացքում հասցրեցի լավ մրսել ու սառել»,- եզրափակեց նա:

 

 


Զրուցեց Արևիկ Իսաջանյանը