Հայաստանում առաջին անգամ տեղի կունենա հայ դերասանների մասնակցությամբ ներառական ներկայացման պրեմիերա: Այս մասին հոկտեմբերի 1-ին լրագրողներին հայտնեց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:


«Սա ավելի շատ գաղափար է, քան զուտ ծրագիր, որի շրջանակներում ցանկանում էինք կոտրել հաշմանդամություն ունեցող մարդկանց մասին կարծրատիպերը»,-լրագրողներին տեղեկացրեց Արևիկ Սարիբեկյանը:

 

Ավելի քան մեկ տարի տևած դասընթացներից, հաշմանդամություն ունեցող և չունեցող մասնակիցների ընտրությունից և փորձերից հետո առաջին պրոֆեսիոնալ ներառական պարային խումբը Փոքր թատրոնի բեմում կիրականացնի «Մի լքիր ինձ» ներկայացումը:

 

«Պար՝ առանց սահմանի» ծրագրի իրականացմանը աջակցել են Երևանում ՄԲ դեսպանատունը, ՀՀ մշակույթի նախարարությունը և Միացյալ թագավորության հայ համայնքը:

 

«Այս ծրագիրը, որին աջակցում է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը, և որն իրականացվում է Բրիտանական խորհրդի կողմից, իր յուրօրինակ տեղն ունի Մեծ Բրիտանիայի աշնան միջոցառումների ցանկում: Եվ այս ծրագիրը խրախուսելով, մեզ համար շատ կարևոր է, որպեսզի հաշմանդամություն ունեցող մարդիկ, անկախ իրենց հնարավորույթուններից, չսահմանափակվեն իրենց նպատակների և երազանքների իրականացման ուղու վրա», - լրագրողներին ասաց ՄԲ արտակարգ և լիազոր դեսպան Քեթի Լիչը:

 

Ներկայացմանը ընգրկված 8 պարողներից 4-ը հաշմանդամություն ունեցող դերասաններ են, իսկ մյուսները՝ պրոֆեսիոնալ պարողներ: Ներկայացման ընթացքում հանրահայտ "Ne me queitte pas" («Մի լքիր ինձ») երգի տարբեր մեկնաբանությունների ներքո ներկայացվելու են փոքրիկ պատմություններ:

 

«Աշխատանքային պրոցեսի ընթացքում շատ հետաքրքիր էր տեսնել, թե ինչպես խնդիրներ ունեցող պարողներն ու դերասանները ամեն օր բացվում են, նոր հմտություններ ցույց տալիս, կյանքը տեսնում նոր գույներով: Վստահ եմ, որ մեր հանդիսատեսը ներկայացումից հետո նոր աչքերով կնայի աշխարհին», - ասաց Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանը, ով հանդիսանում է ներկայացման մտահղացման հեղինակը, բեմադրողն ու նկարչական ձևավորման հեղինակը:

 

«Մի լքիր ինձ» պարային ներկայացման պրեմիերան տեղի կունենա հոկտեմբերի 3-ին, այնուհետև այն հանդիսատեսին կներկայացվի հոկտեմբերի 4-6-ը «Հայֆեստ»-ի շրջանակում և կներառվի Փոքր թատրոնի խաղացանկում: