Թբիլիսիի Ա.Ս. Գրիբոյեդովի անվան ռուսական պետական ակադեմիական դրամատիկական թատրոնը հոկտմբերի 11-ին հյուրախաղերով կժամանի Երևան: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին, Գ. Սունդուկյանի անվան ազգային թատրոնի բեմում կցուցադրվի թատրոնի լավագույն ներկայացումներից մեկը՝ «Խոլստոմեր: Ձիու պատմությունը»՝ Գրիբոյեդովի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար, Վրաստանի Պետական մրցանակի դափնեկիր և Կոտե Մարջանիշվիլիի անվան մրցանակի դափնեկիր Ավթանդիլ Վարսիմաշվիլիի բեմադրությամբ:     

 

Երեւանյան հյուրախաղերը կշարունակեն Գրիբոյեդովի անվան թատրոնի նախահոբելյանական մարաթոնը: Եկող տարի կլրանա հնագույն պրոֆեսիոնալ թատրոնի 170 տարին: Մարաթոնի շրջանակներում «գրիբոյեդովցիներն» արդեն իրենց ներկայացումներն են ցուցադրել Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Չերկասիում, Ստամբուլում և Մախաչկալայում: