Անապայում ավարտված ԱՊՀ-ի երկրների, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի կինոյի «Կինոշոկ 2014» բաց փառատոնի ժյուրիի հատուկ դիպլոմը բաժին է հասել Հայաստանից Արեգ Ազատյանին և Շողիկ Թադևոսյանին «Ռոմանտիկները» ֆիլմի համար: Փառատոնի փակման և դափնեկիրների պարգեւատրման արարողությունը սեպտեմբերի 30-ին տեղի է ունեցել Անապայի «Ամառային էստրադայում»:

 

Լիամետրաժ ֆիլմերի մրցույթին 13 ֆիլմ է մասնակցել Ռուսաստանից, Ուկրաինայից, Հայաստանից, Լատվիայից, Ղազախստանից, Ուբեկստանից, Վրաստանից, Ղրղզստանից, Էստոնիայից, Լիտվայից, Ադրբեջանից, Բելառուսից:

 

«Ոսկե որթ» գլխավոր մրցանակն ստացել է վրացի ռեժիսոր Գեորգի Օվաշվիլիի «Սիմինդրի կղզին»:

 

«Լավագույն ռեժիսուրայի համար» մրցանակը հանձնել են ուկրաինացի ռեժիսոր Միրոսլավ Սլաբոշպիցկուն «Ցեղը» ֆիլմի համար:

 

Ժյուրին «Տղամարդու լավագույն դեր» է ճանաչել դերասան Ալեքսեյ Չեռնիխի՝ ռուսաստանցի ռեժիսոր Արսենի Գոնչուկովի «Որդին» կինոնկարի գլխավոր դերակատարի աշխատանքը:

 

«Լավագույն դերասանուհիներ» են դարձել Պոլինա Պուշկարուկը և Վիկտորյա Լոբաչեւան, որոնք գլխավոր դերերն են կատարել Իլմար Ռաագի «Ես չեմ վերադառնա» (Ռուսաստան, Ֆինլանդիա, Էստոնիա, Բելառուս) ֆիլմում:

 

Լիամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկվել էին Լոմեր Ախվլեդիանին (Վրաստան), գրող և կինոքննադատ Ալլա Բոսարտը (Ռուսաստան), դերասանուհի Օլգա Լապշինան (Ռուսաստան), սցենարիստ և ռեժիսոր Հարություն Խաչատրյանը (Հայաստան), ռեժիսոր Վլադիմիր Ֆոկինը (Ռուսաստան):

 

Փառատոնը տեղի է ունեցել Անապայում սեպտեմբերի 21-ից մինչև 30-ը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: