Նորից աշուն, նորից ուսումնական և աշխատանքային տարվա նոր սկիզբ: Անգամ եթե վաղուց ուսանող չես, միևնույնն է, աշխատանքային հին գրաֆիկին ցանկանում ես նորովի մոտենալ:) Մեզ` աղջիկներիս, այդ հարցում օգնում է նաև նորաձևությունը: Դե ինչ, եթե կրկին ամեն առավոտ կանգնում ես նույն խնդրի առաջ` ի՞նչ հագնել, ESem.am-ը պատրաստ է քեզ օգնել կողմնորոշվելու հարցում: Եթե հետևում ես հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչների հագուկապին, առաջարկում ենք քեզ հագնվել նրանց պես, սակայն նախապես կոչ ենք անում չկրկնօրինակել նրանց. դու կարող ես ստեղծել քո անհատական ոճը` օգտագործելով որոշ տարրեր նաև նրանց հագուկապից:)


Շուշաննա Թովմասյան


Այս հագուստը բավականին պրակտիկ է: Այս տարվա թրենդներից մեկը` մատիտ կիսաշրջազգեստներն են, որոնք յուրաքանչյուրին սլացիկ տեսք են հաղորդում. եթե ունես լայն կոնքեր, խուսափիր հորիզոնական գծերից` ընտրելով ուղղահայացը, դրանք վիզուալ կնիհարեցնեն քեզ: Այսպիսի կիսաշրջազգեստների հետ գեղեցիկ են նայվում լայն ձևվածք ունեցող բլուզները, որոնք հագուստի ներքևի մասի հետ կոնտրաստ են ստեղծում: Այս տարի նորաձև են բրենդային մակագրությամբ շապիկները, կարող ես ընտրել դրանցից ցանկացածը:

 

Թեպետ դերասանուհին օգտագործել է սևի և սպիտակի դասական համադրությունը, ESem.am-ը քեզ խորհուրդ է տալիս սև գոտու փոխարեն ընտրել կարմիրը` այսպիսով կոտրելով «խիստ» կերպարը: Եթե պահարանումդ չունես կարմիր գոտի, կարող ես կապել ցանկացած վառ գույնի (մորեգույն, դեղին, մանուշակագույն) գոտի:

 

Քանի որ հաստ տակացուով բարձրակրունկները վաղուց արդեն նորաձև չեն, ընտրիր բարակ տակացուով, սրածայր կոշիկներ, որոնք կերպարիդ կանացիություն կհաղորդեն:

 

Կերպարդ կարող ես լրացնել տարբեր աքսեսուարներով: Չափը չանցնելու համար օգտագործիր միայն խոշոր ականջողեր: Եթե կլորավուն դեմք ունես, շրջանաձևի փոխարեն ընտրիր երկարավունը: Մազերի հարցում ամեն ինչ պարզ է և թրենդային, պարզապես լվա և չորացրու:)

 

 

Սոֆի Մխեյան

Սա առօրյա կերպար է, որով կարող ես ներկայանալ և՛ համալսարան, և՛ գնալ երեկոյան զբոսանքի, անգամ եթե աշխատանքդ ստեղծագործական բնույթի է, կարող ես այս տեսքով գնալ աշխատանքի: Վառ, կիտրոնի գույնի տաբատը կերպարի գլխավոր կորիզն է: Եթե անգամ դրա հետ համադրես սպիտակ հասարակ շապիկ` կերպարդ կառանձնանա ամբոխից:

 

Երկարաթև, բարակ վերնաշպիկը իդեալական է աշնան զով եղանակի համար, ստիպված չես լինի պայուսակումդ ժակետ «քարշ» տալ: Էթնիկ նախշերն այս տարվա գլխավոր պրինտներից է, այնպես որ, յուրաքանչյուրիս պահարանում պետք է տեղ գտնի այսպիսի գոնե մեկ վերնաշապիկ:

Եթե սպորտային կոշիկի սիրահար չես, կարող ես հագնել բալետկաներ: Դրանցով կերպարդ ավելի կանացի և թիթիզ կդառնա:

 

Աղվեսի աչքեր հիշեցնող այս ակնոցը, որը կարող է և՛ արևային, և՛ օպտիկական լինել, քեզ ավելի գրավիչ և ոճային կդարձնի: Փոքրիկ պայուսակը, ժամացույցը, թևնոցը լրացուցիչ աքսեսուարներ են, որոնք տեսքդ ամբողջական են դարձնում: Իսկ մազերը, ինքդ ես տեսնում, թե որքան նորաձև է այս պարզ սանրվածքը և ամենակարևորը` հարմարավետ:

 

 

Նազենի Հովհաննիսյան

“Boyfriend” ջինսերը մեգանորաձև են 2014-2015-ին: Տղամարդու տաբատ հիշեցնող ջինսերը այնքան կանացի են նայվում բարձրակրունկներով, որ պատկերացնել անգամ չես կարող:) Վառ օրինակ է Նազենի Հովհաննիսյանը` boyfriend ջինսեր, տղամարդու վանդակավոր վերնաշապիկ և այդքան կանացիություն ու նրբություն: Սակայն, եթե բնության կողմից օժտված չես ընդգծված նրբությամբ, ապա այսպիսի հագուստը քեզ համար չէ:

 

Թեև նեոնային գույները նախորդ տարվա «ձեռքբերումն» են, այս տարի ևս գեղեցիկ են նայվում, հատկապես երբ նեոնային գույնն օգտագործված է մինիմալ կերպով և հագուստի միակ վառ կետն է: Վանդակավոր վերնաշապիկի հարցում անգամ կարող ես օգտվել ընկերոջդ կամ հայրիկիդ պահարանից Իսկ եթե խուսափում ես յունիսեքս հագուստից, ընտրիր որևէ բարակ ժակետ:

 

Մեծ ծրար հիշեցնող պայուսակը կերպարին որոշակի ոճ է հաղորդում: Վարսերդ այս դեպքում կարող են և՛ անփույթ հավաքած լինել, և՛ թափած, կարևորն այն է, որ դրանք հատուկ հարդարված չլինեն:

 

Այսպիսի look-ով կարող ես գնալ ուսումնական հաստատություն, եթե սովորում ես թատերական ինստիտուտում կամ արվեստի խմբակում: Սակայն նման հագուստով գործնական հանդիպման գնալ խորհուրդ չի տրվում:

 

 

Լիլիթ Հովհաննիսյան

Այստեղ շեշտը դրված է կերպարի ընդհանուր գույնի վրա: Քանի որ շագանակագույնը «կամակոր» գույն է և ոչ բոլորին է սազում, կարող ես քեզ համար ընտրել քո գույնը և կերպարդ ստեղծել այդ գույնի հիման վրա:

 

Զանգակ կիսաշրջազգեստները բավականին հիթային են այս տարի և սիրվել են շատերի կողմից, սակայն եթե քեզ դրանք չեն սազում, կարող ես հեշտությամբ փոխարինել մատիտ կիսաշրջազգեստներով: Պիջակի փոխարեն կարող ես ընտրել ջինսե բաճկոն կամ ժիլետ, որը «կկոտրի» հագուստի գունային գամման: Մնացած ամեն բան պարզ է: Սա այնպիսի look է, որը երկար մտածված չէ, բայց ոճային ու նորաձև է:

 

Հայելի ակնոցը 2014-ի «բումերից» է, այնպես որ, ընտրիր հենց այսպիսի ապակիներով անկոց, եթե ուզում ես նորաձև երևալ: Առավոտյան ժամերին երկարաճիտ կոշիկների փոխարեն հագիր բալետկաներ կամ օքսֆորդներ և համարձակ գնա համալսարան: